Եթե տպավորություն է ստեղծվում, որ Վերահսկիչ պալատը պետք է փոխարինի ոստիկանությանը, Գլխավոր դատախազությանը, հարկային, դատական մարմիններին, ապա մենք այստեղ անելիք ունենք՝ Վերահսկիչ պալատի դերի եւ դերակատարության առումով: Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Վերջինս խոսելով Վերահսկիչ պալատի հաշվետվության մասին, նշեց, որ որպես արդյունավետ կառավարման համակարգի գլխավոր էլեմենտ անհրաժեշտություն է մեր երկրի համար:
«Վերահսկիչ պալատը, որպես արդյունավետ կառավարման համակարգի գլխավոր էլեմենտ, անհրաժեշտություն է մեր երկրի համար: Արդյոք անհրաժե՞շտ է Ազգային ժողովում բարձրաձայնել արդեն իսկ հարուցված կամ ապագայում հարուցվելիք քրեական գործերի մասին։ Խորհրդարանում չեն հնչում վերջին ճշմարտություններ եւ դատավճիռներ չեն կայացվում»,-իր խոսքում նշեց Հրայր Թովմասյանն ավելացնելով, որ այստեղ վերջին ճշմարտություններ չեն հնչում, դատավճիռներ չեն կայացվում, իսկ եթե նույնիսկ գործ է ուղակվել, ապա ուղարկվել է 308 հոդվածով՝ պաշտոնեական դիրքի չարաշահում:
«Այստեղ մենք գործ չունենք կոռուպցիայի եւ այլնի հետ, հետեւաբար՝ այս հարցերը պետք է նախաքննության մարմինները քննարկեն»,-նշեց Հրայր Թովմասյանը:
Նախարարը նշեց, որ այն հանգամանքը, որ այսօր արտահերթ նիստում քննարկվում է ՎՊ-ի զեկույցը և խոսվում է այն մասին, որ կառավարությունը պատրաստ է բաց քննարկումների, հետևաբար սա արդեն խոսում է նրա մասին, որ մեր երկրում գերկենտրոնացած, մեկ համակարգից կառավարվող համակարգի մասին խոսողներն առնվազն սխալվում են:
Հրայր Թովմասյանը վաղը կանդրադառնա իր ոլորտում ՀՀ վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների մասին: