Lragir.am-ը գրում է.

Հայաստանի նոր կառավարությունը դեռ մի շաբաթ է աշխատել, բայց արդեն հասցրել է մի քանի կարեւոր որոշում կայացնել, որոնք վկայում են համակարգային փոփոխությունների համար քաղաքական կամքի առկայությունը:
Երկար տարիներ նշվել է, որ Հայաստանի բարեփոխման համար նոր օրենքներ պետք չեն, ընդամենը քաղաքական կամք է պետք, նոր հանգուցային կետերի որոշում եւ վեկտորի փոփոխություն: Այդ փոփոխությունները կարող է համակարգը փոխել նույնիսկ ՀՀԿ «լեգիտիմ մեծամասնության» պարագայում, որը ստիպված է լինելու ենթարկվել իր իսկ ընդունած օրենքներին:
Հայաստանի նոր իշխանությունն արդեն մի քանի կարեւոր քայլ է արել: Առաջինը մաքսայինում խաղի կանոնների փոփոխությունն է, որը Հայաստանում մենաշնորհների հիմքն է: Բոլոր ներմուծողների ու արտահանողների համար հավասար պայմաններն ինքնաբերաբար կհանգեցնեն շատ ոլորտներում մենաշնորհների վերացման: Այդ պայմանները նշված են օրենքում, սակայն դրանք չեն կիրառվել, որովհետեւ մախկին վարչակարգն աջակցել է մենաշնորհներին:
Երկրորդ քայլը բուհերի ու դպրոցների ապակուսակցականացումն է: Կրթության նոր նախարարը բուհերի ռեկտորներին արգելել է «տուրք» վճարել ՀՀԿ Երիտասարդական հիմնադրամին: Այս եւ մյուս քայլերը կարող են հանգեցնել ՀՀԿ քաղաքական մենաշնորհի վերացման, հետեւաբար՝ իշխանության ձեւավորման համար հավասար պայմանների:
Երրորդ քայլը ԱԱԾ ղեկավարի հայտարարությունն է անօրինական հարստացման դեմ պայքարի եւ գողացված պետական միջոցների վերադարձի մասին: ԱԱԾ ղեկավարը հայտնել է 350 հոգու ցուցակի մասին, որոնց անուններով խոշոր բիզնեսներ կան բացված, սակայն հարկ չեն վճարում: Չի բացառվում, որ ԱԱԾ-ն ձեռք է բերել նախկին վարչակարգի «սեւ հաշվեմատյանները»:
Ոստիկանությունը նույնպես քայլ է արել՝ պատերազմ հայտարարելով օրենքով գողերին: Սա համակարգային քայլ է, որը թույլ կտա ապաքրեականացնել տեղական ինքնակառավարումը, հետեւաբար՝ ապագա ընտրությունները:
Մեկ այլ քայլ է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի ոչ ոք իրավունք չունի դատավորնեին ցուցումներ տալ այս կամ այն գործով: Նա հայտարարել է, որ դատավորներն այժմ վերեւից ցուցումներ չեն ստանում, այդ պատճառով համակարգը կաթվածահար վիճակում է հայտնվել: Փաշինյանը աղմկոտ գործերի, այդ թվում՝ քաղաքական, պատասխանատվությունը դրել է բացառապես դատավորների վրա՝ նրանց ընտրության առաջ դնելով՝ կամ սեփական որոշումների համար պատասխանատվություն են ստանձնում, կամ էլ հրաժարական տալիս: Սա անկախ դատական համակարգի հիմքն է, եւ այստեղ նույնպես պետք չէ օրենքներ փոխել, պետք է ընդամենը հետեւել դրանց:
Կառավարությունը մի շարք այլ քայլեր է կատարել, որոնք բացառապես քաղաքական կամքից են բխում: Դա ճանապարհներին արագաչափերի ու տեսախցիկների աշխատանքի սկզբունքի վերանայումն է, որոնք մինչ այժմ պատժիչ գործառույթ ունեին: Այսուհետ դրանց նպատակն է լինելու ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման կանխումը:
Կառավարությունը մտադիր է նաեւ վերանայալ վարկային քաղաքականությունը հատկապես գյուղատնտեսությունում: Մեծ տոկոսներով վարկերը լծի տակ են դրել գյուղացիներին՝ ստիպելով նրանց լքել հողը եւ փող աշխատելու համար Ռուսաստան մեկնել: Նոր կառավարությունը հայտարարել է հայրենադարձության մասին, ինչը նշանակում է, որ արտագաղթը խթանող քաղաքականությունը պետք է դադարեցվի:
Վերջին տարիներին Հայաստանում արատավոր քաղաքականություն էր իրականացվում, երբ ոչ մի լումա չէր ներդրվում, իսկ շարքային քաղաքացիներից խլում էին վերջին ունեցածը: Լավ օրենքներ են գրվել, սակայն այնպես են կիրառել, որ անարգել մտել են քաղաքացիների գրպանը: Օրինակ, տեսախցիկները, գազի սպասարկումը: Դրանց թվում են բանակի 1000 դրամները, բենզինի բարձր գները, դեղատոմսերը, կուտակային կենսաթոշակային համակարգը, պարտադիր ապահովագրությունը, մեքենաների տեխզննումը, երբ մեքենան չեն զննում եւ փողով կտրոն են տալիս:
Այս բոլոր կարգավորումներն իրենց էությամբ դրական են, իսկ ճիշտ կիրառման դեպքում կարող են քաղաքացիների շահերին ծառայել: Այդ թվում, տեսախցիկները եւ 1000 դրամները, եթե կիրառվեն հանրային կյանքի կարգավորման համար:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am