Lragir.am-ը գրում է.

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը դիմել է ԿԸՀ, որպեսզի ԵԼՔ խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը զրկվի Ավագանու անդամի կարգավիճակից: ԿԸՀ մամուլի քարտուղարն ասել է, որ հանձնաժողովը հարցը կքննարկի իր նիստում:
Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո, սահմանված կարգով, նրա խորհրդարանական մանդատը փոխանցվեց ԵԼՔ դաշինքի նախընտրական ցուցակով այլ թեկնածուի, որը Ալեն Սիմոնյանն էր: Սիմոնյանը սակայն, մայիսի 22-ին հայտարարեց մանդատից հրաժարվելու մասին, թեեւ մանդատը նրան հանձնելու ԿԸՀ որոշումից անցել էր մի քանի օր:
Միաժամանակ, Ալեն Սիմոնյանը տեղեկացրել էր Տարոն Մարգարյանին, որ չի հրաժարվում Ավագանու մանդատից եւ այն պահելու համար էլ վայր է դնում պատգամավորի մանդատը: Սիմոնյանը յոթ օր անց պետք է վերհաստատի պատգամավորի մանդատից հրաժարվելը
Այժմ Տարոն Մարգարյանը դնում է Ալեն Սիմոնյանի Ավագանու մանդատի հարցը: Բացատրելով, թե ինչու է վայր դնում պատգամավորի մանդատը, որն անհամեմատելիորեն ավելի ազդեցիկ է, քան Ավագանու անդամի կարգավիճակը, Ալեն Սիմոնյանն ասել էր, թե քանի դեռ Երեւանի իշխանությունը ՀՀԿ-ն է, մնալու է քաղաքապետարանում եւ պայքարելու է այդ իշխանությանը փոխելու համար: Սիմոնյանը դրանից առաջ հայտարարել էր, որ, եթե իր Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը առաջարկի իրեն դառնալ քաղաքապետ, ապա ինքը թերեւս չի մերժի այդ առաջարկը:
Քաղաքացիական պայմանագիրը առայժմ հայտարարում է, որ թավշյա հեղափոխության եւ դրա արդյունք կառավարության օրակարգում չկա Երեւանի քաղաքապետարանի հրաժարականի հարց: Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել էր, որ, եթե ինքը հորդորի քաղաքապետին տալ հրաժարական, ապա նա կհետեւի այդ հորդորին: Այլ կերպ ասած, Նիկոլ Փաշինյանը ակնարկել է, որ, եթե այդ հարցը հայտնվի օրակարգում, ապա Տարոն Մարգարյանը չի ունենա դիմադրության շանս:
Տարոն Մարգարյանը սպասում է այդ օրակարգին, դա ակնառու է: Ըստ Հայկական Ժամանակ թերթի տեղեկության, նա նույնիսկ Ավագանու ՀՀԿ խմբակցության հավաք է արել եւ խոսել հնարավոր զարգացումների մասին, փորձելով շոշափել տրամադրությունները եւ «դավաճանության» հավանականությունը:
Մյուս կողմից, նա հայտնվել է հետաքրքիր վիճակում: Թվում է, որ մի քանի օր առաջ Մարգարյանը հաղթանակ տարավ իր հրաժարականի պահանջի առաջին փորձի նկատմամբ, երբ հայտնի այգու թեմայով բռնկվեց քաղաքացիական բողոք: Մարգարյանը դրան հակադրեց իր այսպես ասած համակիրներին: Հետո սակայն համացանցում սկսեցին տարածվել տեղեկություններ այդ համակիրների, կրթական ոլորտում նրանց գործունեության որոշ մանրամասների մասին:
Ստեղծվեց բավական անհարմար իրավիճակ, որովհետեւ ստացվում է, որ Տարոն Մարգարյանն այդպիսով կամա թե ակամա իր համակիրներին դարձրել է համացանցի թիրախ, եթե չասենք, որ հնարավոր է նաեւ իրավապահների հետաքրքրության առարկա:
Մյուս կողմից, Տարոն Մարգարյանը պատասխանել է Ալեն Սիմոնյանին, ասելով, որ խնդիրը զուտ իրավական դաշտում է եւ նա օրենքի ուժով է կորցրել Ավագանու անդամի կարգավիճակը, երբ մոտ մեկ շաբաթ առաջ ստացել է պատգամավորի մանդատ ու միայն մի քանի օր հետո է հայտարարել դրանից հրաժարվելու մասին:
Տարոն Մարգարյանի մեկնաբանությունը փաստացի հաստատել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Արդյոք դա նշանակում է, որ Ալեն Սիմոնյանին չի մնա այլ բան, քան հրաժարվել պատգամավորական մանդատից հրաժարվելու իր մտադրությունից: Հետաքրքիր է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին ասել էր, թե Ալեն Սիմոնյանը իրենց հետ չի քննարկել մանդատից հրաժարվելու որոշումը:
Այդպիսով, Նիկոլ Փաշինյանը քաղաքական պատասխանատվություն չէր վերցրել այդ որոշման համար: Արդյոք այն պատճառով, որ քաջատեղյակ էր իրավական կարգավորումներին, թե՞ նաեւ այն պատճառով, որ դժգոհ է եղել քաղաքապետի հեռանկարի վերաբերյալ Ալեն Սիմոնյանի հայտարարություններից ու մտադրություններից:
Այդուհանդերձ, խնդիրը իհարկե Ալեն Սիմոնյանը չէ, եւ նա այս դեպքում մի դրվագ է ընդհանուր ներքաղաքական համատեքստում: Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ավելի ուշ տված մեկնաբանության մեջ ակնարկել էր, որ քաղաքապետի հարցը կառավարության քաղաքական օրակարգում վաղ թե ուշ հայտնվելու է, բայց այդ մասին կառավարությունը կհայտարարի հստակ:
Տարոն Մարգարյանն անցել է պաշտպանության, այն դեպքում, երբ Քաղաքացիական պայմանագիրը դեռ չի անցել գրոհի եւ առայժմ կարծես թե ապավինում է Տարոն Մարգարյանին լարվածության եւ խուճապի մեջ պահելու մարտավարությանը, այդպիսով մղելով քայլերի եւ նրա համար անխուսափելի դարձնելով ու մոտեցնելով ճակատագրական սխալի հեռանկարը:
Մյուս կողմից, օրենքին հղումով պատասխանը կարող է լինել նաեւ Տարոն Մարգարյանի յուրօրինակ մեսիջ քաղաքական նոր իշխանությանը, խաղի նոր կանոնների՝ այսինքն օրենքի եւ Սահմանադրության շուրջ պայմանավորվելու պատրաստակամության մասով: Դա իհարկե կարող է լինել բավական հասուն քաղաքական մեսիջ, որը պրակտիկ ընթացք կարող է ստանալ միայն այն դեպքում, երբ Տարոն Մարգարյանը սպառիչ ու համոզիչ պատասխան տա մինչ այդ օրենքի ու Սահմանադրության հետ ունեցած խնդիրների վերաբերյալ մեղադրանքների ու կասկածների առնչությամբ, որ առկա է ընդհուպ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am