Արագաչափերի և տեսանկարահանող սարքերի հետ կապված կոնկրետ առաջարկություն ՀՀ կառավարությանը․
Թերևս քննարկման առարկա չէ այն, որ երթևեկությունը վերահսկող այս սարքերը պետք է մնան ու առանց դրանց մենք բազմաթիվ վթարների ու մարդկային կորուստների ականատեսը կլինենք, նույնիսկ ոստիկանապետի մակարդակով ընդունվեց այն փաստը, որ վերջին օրերին մահվան դեպքով վրաերթերի թվի աճ կա։
Առաջարկում եմ կառավարությանը, որ ստեղծի հիմնադրամ, որտեղ կուղղվեն այդ սարքերի տուգանքներից ստացված գումարները և ամեն եռամսյակը մեկ անգամ այդ գումարները կուղղվեն փոքր քաղաքներին։ Եկեք միասին գնանք Ճամբարակ, Բերդ, Թումանյան, Մարալիկ, Վեդի, Թալին, Վարդենիս, Ստեփանավան, Արթիկ ու տեսեք, թե ինչպես են այնտեղ ապրում մարդիկ, տեսեք դպրոցների մանկապարտեզների, չեղած այգիների ու խաղահրապարակների վիճակը, այնտեղ ապրող երեխաներից մեր երեխաները առավել չեն ու Հայաստանում պետք է բոլորը նորմալ միջավայրում մեծանան։
Ակնկալում եմ, որ Վարչապետը կհանձնարարի տարածքային կառավարման նախարարին իջեցնել հանձնարարականներ 10-12 քաղաքային համայնքների ղեկավարներին կազմել համայնքներում առաջնային լուծում պահանջող խնդիրների ցանկը, դրանց մեջ կներառվեն ոչ միայն շենք-շինություններ, այգիներ և խաղահրապարակներ, այլ Տեխնոպարկերի և փոքր արտադրամասերի կառուցում։
Դրանից հետո համապատասխան հանձնաժողովները կայցելեն համայնքեր ու կքննարկեն առաջարկները տեղում, որից հետո կսկսվի կոնկրետ աշխատանք։ Ամենուր պետք է լինի Երևանի նման վիճակ, ասֆալտապատ փողոցներ, գեղեցիկ այգիներ և այլն։ Հավատացնում եմ ձեզ, սա մարզերը փրկելու ամենաիրատեսական քայլը կարող է լինել, եթե նման որոշում լինի, ապա ես ուրախությամբ կտանեմ ու կմուծեմ տուգանքները, ավելին՝ ամիսը մեկ անգամ անվտանգ վայրում խախտում կանեմ։
Մարդիկ միշտ դժգոհել են ոչ թե արագաչափերի գոյությունից, այլ նրանից, թե ում է գնում այդ գումարները։ Տղեք անկախ ամեն ինչից՝ կարևորը Հայաստանն է, սա լավ գաղափար է ու հաստատ աշխատելու է, մեկ տարի հետո մենք հրաշք համայնքներ ենք ունենալու։
Ֆեյսբուք՝ Զոհրապ Եգանյան