Ես կարծում եմ՝ բոլոր դեպքերում արտահերթ ընտրություն տեղի է ունենալու: Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:
Դիտարկմանը, թե ՀՀԿ-ն հայտարարում է, որ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չեն տեսնում, իսկ առանց ՀՀԿ-ի հնարավոր չի լինի արտահերթ ընտրություններ անցկացնել, Արծվիկ Մինասյանն ասաց. «Ես կարծում եմ՝ բոլոր դեպքերում արտահերթ ընտրություն տեղի է ունենալու: Պետք է մենք դրան որպես պետություն պատրաստ լինենք, որովհետեւ ընտրական համակարգը պետք է փոփոխության ենթարկվի, որ հասարակության կողմից վստահությունն էլ ավելի բարձր լինի նոր քաղաքական պատկերի համատեքստում: Այն, որ այսօրվա խորհրդարանը չի արտահայտում ուժերի հարաբերակցությունը, փաստ է, բայց ինչ ժամկետում, ինչ գործողությունններից հետո պետք է արտահերթ ընտրություններ լինեն, կարծում եմ՝ առաջիկա կառավարության ծրագրի ժամանակ վարչապետն ավելի մանրամասն կներկայացնի: Շատերն ասում են՝ անհնարին է ինչ-որ բան, բայց կյանքը եւ Նիկոլ Փաշինյանի գործողությունները ցույց տվեցին, որ անհնարինը հնարավոր է դառնում»:
Հարցին, թե ՀՅԴ-ն պատրա՞ստ է խորհրդարանական ընտրությունների, դանակցական նախարարն արձագանքեց. «ՀՅԴ-ն միշտ պատրաստ է ընտրությունների»:
Ինչ վերաբերում է կոալիցիոն փաստաթուղթ ստորագրելու հեռանկարին, Արծվիկ Մինասյանն ասաց. «Դա քաղաքական ուժերի քննարկման հարց է, առաջիկայում ավելի մանրամասն կներկայացվի»: