Ավստրիայի Վատենս քաղաքի «Ժերնո Լանժ» ստադիոնում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 1։1 հաշվով ավարտեց ընկերական խաղը Մալթայի հետ։
Վարդան Մինասյանի գլխավորած թիմի մեկնարկային կազմում խաղը սկսեցին հավաքականի նորեկներ, Կոլումբիայի «Բոյակա Չիկոյի» պաշտպան Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը և բելգիական «Լյերսի» հարձակվող Իվան Յագանը։ Երկար դադարից հետո հավաքական վերադարձավ նաև «Փյունիկի» կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը։
Հանդիպման 13-րդ րոպեին Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո հաշիվը բացեց Իվան Յագանը, որը իր առաջին գոլը խփեց Հայաստանի հավաքականի կազմում (տեսանյութ)։
Առաջին խաղակեսում Վարդան Մինասյանի թիմը առավելություն ուներ, սակայն ընդմիջումից առաջ գնդակ ընդունեց։ Մալթան պատասխան գոլը խփեց 11 մետրանոցից։
Հանդիպման երկրորդ հատվածը անցավ հավասար պայքարում, վտանգավոր պահեր գրեթե չկային։ Վարդան Մինասյանը մի քանի փոփոխություն կատարեց։ 61-րդ րոպեին Իվան Յագանին փոխարինեց դանիական «Հոբրոյի» կիսապաշտպան Էդգար Բաբայանը, որը նորամուտը նշեց Հայաստանի հավաքականում:
77-րդ րոպեին Հայաստանի հավաքականը մնաց 10 ֆուտբոլիստով․ երկրորդ դեղին քարտը ստացավ ռուսական «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը, ինչից հետո Մինասյանը մակեդոնական «Վարդարի» հարձակվող Տիգրան Բարսեղյանին փոխարինեց «Գանձասար-Կապանի» պաշտպան Հայկ Իշխանյանով։
Սա Հայաստանի հավաքականի մեկնարկային հանդիպումն էր թիմի գլխավոր մարզիչի պաշտոնին վերադարձած Վարդանի Մինասյանի նշանակումից հետո:
ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանը 98-րդն է, իսկ Մալթան 185-րդ տեղում է:
Հունիսի 4-ին Հայաստանի հավաքականն Ավստրիայում ընկերական խաղ է անցկացնելու նաև Մոլդովայի հետ:
Ընկերական հանդիպում, Ավստրիա
Հայաստան - Մալթա՝ 1։1
Իվան Յագան, 13 - Անդրեյ Ագիս, 45+1 (11մ)
Հեռացում՝ Վարազդատ Հարոյան, 77 (Հայաստան)
Հայաստան․ Արամ Հայրապետյան, Ժոաո Ժորդի Մոնրո Արարատ (Հովհաննես Համբարձումյան, 46), Վարազդատ Հարոյան, Գաել Անդոնյան, Հրայր Մկոյան, Կառլեն Մկրտչյան (Արտակ Եդիգարյան, 72), Գոռ Մալաքյան, Գևորգ Ղազարյան (Արտյոմ Սիմոնյան, 54), Իվան Յագան (Էդգար Բաբայան, 61), Հենրիխ Մխիթարյան, Տիգրան Բարսեղյան (Հայկ Իշխանյան, 78):
Ֆոտո՝ ՀՖՖ