Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նուբարաշեն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արթուր Կիրակոսյանին և շնորհակալություն հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Մհեր Հովհաննիսյանին՝ համատեղ աշխատանքի համար:

Քաղաքապետը նշել է, որ վարչական շրջանների աշխատանքով է արտահայտվում քաղաքային տնտեսության դրական տեղաշարժը և ընդգծել, որ յուրաքանչյուր աշխատակցից ակնկալում է բարեխիղճ և սրտացավ աշխատանք: Տարոն Մարգարյանը նշել է նաև, որ վարչական շրջանի նոր ղեկավարը ծանոթ է նուբարաշենցիների խնդիրներին, աչքի է ընկել ակտիվ հասարակական գործունեությամբ, և պահպանելով տարիների ընթացքում ձևավորված թիմային աշխատանքի ավանդույթները, նոր մոտեցումներով և կազմակերպչական ունակություններով կնպաստի Նուբարաշեն վարչական շրջանի և, առհասարակ, քաղաքի հետ կապված ծրագրերի իրականացմանը:

«Քաղաքապետարանը միշտ աջակից է լինելու և առկա խնդիրների լուծման գործում պետք է համատեղենք մեր ուժերը. շարունակենք բոլոր նախանշված ծրագրերը համայնքային տնտեսության ոլորտներում և մեր աշխատանքով պետք է կարողանանք բարեկարգ ու հարմարավետ միջավայր ստեղծել մեր բնակիչների համար»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը` պատասխանատու պաշտոնը ստանձնած նոր ղեկավարին մաղթելով աշխատանքային հաջողություններ:

Անդրադառնալով բնակիչների հետ հետադարձ կապի ապահովմանն ու բնակչությանը հուզող հարցերին` քաղաքապետը մեկ անգամ ևս շեշտել է, որ բնակչության հետ շփման առաջին օղակը վարչական շրջանների աշխատակազմերն են և նրանց աշխատանքով է պայմանավորված բնակիչների վերաբերմունքը քաղաքային իշխանությունների նկատմամբ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչություն