Ոստիկանությունը տիրապետում է ողջ հանրապետության տարածքում օպերատիվ իրավիճակին: Այս մասին, այսօր՝ հունիսի 4-ին, ԱԺ-ում NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Հարցին, թե ովքե՞ր էին այդ «օրենքով գողերը», որոնք հավաք էին կազմակերպել Երեւանում եւ ոստիկանությունը կանխել է, Օսիպյանը պատասխանեց. «Թույլ տվեք չասել, ովքեր են եղել, բայց շարունակական է լինելու մեր աշխատանքը: Գողականներն ու քրեական հեղինակությունները տեղ չունեն Հայաստանի Հանրապետությունում: Նման արատավոր երեւույթները տեղ չունեն մեր հասարակության մեջ: Եղել են, բայց վերահսկվել են»:
Դիտարկմանը, որ նախորդ ոստիկանապետը հայտարարում էր, որ քրեական հեղինակությունները գառների պես խելոք են, Վալերի Օսիպյանն ասաց. «Այս պահին իրավիճակը հանգիստ է, ուրեմն խելոք են: Մենք որեւէ մեկին թույլ չենք տա նման բան»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 31-ին ոստիկանությունն այսպես կոչված «օրենքով գողերի» հավաք է կասեցրել մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում:
Համապատասխան գործողություններ են իրականացվել:
Միեւնույն ժամանակ մասնակիցներին զգուշացվել է հետագայում այդօրինակ հավաքներից ձեռնպահ մնալու անհրաժեշտության մասին:
Ոստիկանությունը այսուհետեւ էլ տեսադաշտում է պահելու նմանատիպ կենսակերպի հակում ունեցողներին եւ օպերատիվ իրավիճակը վերահսկելի պահելու նպատակով հետեւողականորեն իրականացնելու է օրենքով վերապահված բոլոր գործողությունները:
ՀՀ ոստիկանությունը «օրենքով գողերի» հավաք է կասեցրել