Բիզնեսը չպետք է հետաքրքրված լինի մաս կազմելու իշխանական օղակներին՝ լինի գործադիր իշխանություն, թե խորհրդարան: Այս մասին, այսօր՝ հունվարի 7-ին, Հայ-բրիտանական բիզնես ֆորումի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:
Հարցին, թե արտահերթ ընտրություններից հետո ԱԺ-ում այլեւս չե՞ն լինի գործարար պատգամավորներ, նա պատասխանեց. «Նախկինում բոլորս գիտենք, որ գործարարները ցանկացել են հայտնվել խորհրդարանում, որպեսզի նաեւ անձնական անձեռնմխելիություն ունենան, որ նաեւ իրենց բիզնեսների համար որոշակի երաշխիքներ ունենան: Հիմա դրա անհրաժեշտությունը չկա: Մենք պետք է գնանք այս ճանապարհով ոչ միայն բանավոր հայտարարությունների, այլեւ մեզ պետք է օրենսդրական մեխանիզմներ ստեղծել, որ բիզնեսմենները հանգիստ իրենց գործով զբաղվեն եւ կարիք չունենան անձնապես լինել քաղաքականության մեջ: Կարծում եմ՝ մարդիկ պետք է ընտրեն՝ գնան իրենց բիզնեսը կառավարե՞ն, թե գան խորհրդարան եւ լինեն պատգամավոր»:
Արարատ Միրզոյանը նկատեց, որ որպես կանոն այդպիսի պատգամավորների օգտակար գործողության գործակիցը շատ ցածր է լինում, որովհետեւ նրանք եկել են ոչ թե օրենսդրական գործունեությամբ զբաղվելու, այլ զուտ ապահովելու իրենց բիզնեսը. «Հիմա այդ բիզնեսը պաշտպանելու կարիքը չկա եւ մանդատ ստանալու համար միլիոնավոր դոլարները ծախսելու անհրաժեշտությունը վերանում է»:
Հարցին, թե նույն վերաբերմունքև լինելու է նաեւ Գագիկ Ծառուկյանի՞ նկատմամբ, որը սերտ քաղաքական առնչություններ ունի «Ելք»-ի հետ եւ նրա գլխավորած ուժը մաս է կազմում կառավարությանը, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Ես անուններ չտվեցի եւ հակված չեմ անուններ տալու: Կանոնները բոլորի համար հավասար են, եւ մարդիկ պետք է կողմնորոշվեն: Սա վերաբերում է ինձ, Նիկոլ Փաշինյանին, Գագիկ Ծառուկյանին, Սամվել Ալեքսանյանին, բոլորին»: