Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ԱԺ արտահերթ նիստի ժամանակ խոսեց նաև ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ելույթից, երբ նախարարն իր հետ ԱԺ էր բերել փայտի կտոր:
«ԱԺ ամբիոնից նախարարը ցույց է տալիս փայտը և ասում, որ թանկ արժի, բայց էժան են գնել, այո, ճիշտ է ասում, շատ ճիշտ է ասել, մենք ուրիշ բան չենք ասում: Ես նախարարին երկու անգամ հրավիրել եմ ինձ մոտ այդ հարցի քննարկման համար և ասել եմ` պարոն Թովմասյան, կա խնդիր, պետք է մենք հասկանանք` որն է սխալը, ինքն ինձ ասել է, որ այդ ամենը իր պաշտոնավարման ընթացքում չի կատարվել, այդ խնդիրների հետ կապ չունի և ընդհանրապես ինքը ԾԻԳ-ի հետ կապ չունի: Ասել եմ շատ լավ, բայց ՎՊ-ի մասնագետներն ասում են հետևյալը. էս մեկը էժանով եք գրել, մյուսը թանկ գնով եք գրել, էժան-թանկ գումարում-հանում ենք, ստացվում է, որ 200 մլն ավել գումար եք տարել այդ կառույցների համար: Սա է խնդիրը»,-իր խոսքում նշեց Իշխան Զաքարյանը:
Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանը իր հետ ԱԺ էր բերել փայտի մի կտոր և ասում էր, որ դրա իրական արժեքը 230 հազար դրամ է, սակայն շինարարն այն ձեռք է բերել 16 հազար դրամով:
Վերջինս նշեց, որ թյուր կարծիք է ստեղծվել, որ ՎՊ-ն անընդհատ փորձում է սևը սպիտակեցնել և լավը չտեսնել:
« Եթե հիշում եք ես ասել եմ, որ կան որոշակի դրական բաներ, բայց մենք խոսում ենք բացասական երևույթների մասին, որպեսզի կարողանանք դրանք շտկել»,-նշեց Իշխան Զաքարյանը:
ՎՊ-ի նախագահը հիշեց ՀՀ նախագահը խոսքերը, երբ նշել է, որ երեք ուղղություններով պետք է ստուգումներ իրականացվեն, դրանք են՝ շինարարություն, պետական գնումներ և սոցիալական ոլորտ:
«Երբ սոցիալական խնդիրներն էինք քննարկում մեկ ու կես տարի շարունակ մամուլում ինչ ասես չէին գրում՝ շոուներ, թատերականացված միջոցառումներ, հիմա ինչի՞ չեն գրում: Համոզված եմ, երկու տարի հետո գնումների և շինարարության մասին էլ չեն գրելու»,-համոզված է Իշխան Զաքարյանը: