Հետաքննությունն ամբողջական պատասխան տալու է բոլոր հարցերին: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի առանձնատանը ԱԱԾ բացահատումներին:

«Անձի հետ ընդհանրապես կապված չէ, կապված է խնդրի հետ, եւ խնդիրը լուծելու համար բազմաթիվ գործողություններ են կատարվել եւ կատարվելու են: Հասարակությունն այդ մասին տեղյակ է լինելու, եւ հետաքննությունը կպարզի, թե որքան է այս ցանցը տարածված»,- ասել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օրեր առաջ Ազգային անվտանգության ծառայությունը Մանվել Գրիգորյանի ամառանոցում բացահայտեց անօրինական պահվող զենք եւ զինամթերք, ինչպես նաեւ ապրիլյան պատերազմի օրերին դպրոցականների՝ զինվորներին ուղարկած օգնությունը, որը փաստորեն, տեղ չի հասել: ԱԱԾ-ն բացահայտել է, որ դպրոցահասակների հավաքած օգնությունը՝ սննդից մինչեւ դողորայք եւ ներքնազգեստ, Մանվել Գրիգորյանը յուրացրել է, խտացրած կաթով ու պահածոյացված մսով էլ կերակրել իր արջերին ու վայրի մյուս կենդանիներին:

ԱԺ արտահերթ նիստում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը զրկվեց անձեռնմխելիությունից: Դատարանը Մանվել Գրիգորյանին 2 ամսով կալանավորվելու որոշում կայացրեց: