Խորհրդարանը քննարկում է «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։
Իր ելույթում ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում իշխանությունների արած հայտարարություններն ու մեկնաբանությունները ստիպում են մտածել, որ այս նախագիծն ուղղակի առընչություն ունի վերջերս ծագած օֆշորային սկանդալի հետ։
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորը մեջբերեց Հովիկ Աբրահամյանի խոսքից մի հատված․ «Բայց մարդիկ էլ չեն վստահում մեզ, ասում են տվեք արտոնություն, մենք բերենք ներդրում կատարենք, բա որ մարդիկ բերեն ծախս անեն, ծրագիրն իրականացնեն և չտրվի հարկային արտոնություն, այդ մարդիկ․․․»։ «Այստեղ միտքը կախվում է։ Հարց է ծագում՝ այդ մարդիկ՝ ի՞նչ։ Իշխանության այլ ներկայացուցիչներ իրենց ելույթներում ակնարկացեցին, որ եթե Աժ-ն տրամադրում է արտոնություններ, ապա Ռուբեն Վարդանյանը շարունակում է իրականացնել այդ ծրագիրը, եթե չի տալիս, նա դադարեցնում է այդ ծրագիրը։
Ըստ Ն․Փաշինյանի՝ Ռ․Վարդանյանը, լինելով հեղինակավոր գործարար, ծրագիրը սկսելուց առաջ չէր կարող չուսումնասիրել Հայաստանի հարկային և մաքսային դաշտը։ Նրա խոսքով՝ երկու տարի Դիլիջանի միջազգային դպրոցի վրա միլիոնավոր դոլարների աշխատանք է իրականացվել, և հարկային և մաքսային արտոնություն տրամադրելը երբեք նախապայման չի եղել այս ծրագրի իրականացման համար։
«Ի՞նչն է փոխվել։ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ և Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ ոմն գործարար Աշոտ Սուքիասյանը 10 մլն դոլար է գցել Ռ․Վարդանյանին պատկանող «Ամերիա» բանկին։ Ռ․Վարդանյանն ինչպես «Արմերիա» բանկի խորհրդի նախագահն է, այնպես էլ «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի նախաձեռնողը։ Ուստի այս նախագիծը քննարկվում է կոռուպցիոն սկանդալի ուժով։ Իշխանություններն ամեն անգամ Ռ․Վարդանյանին հավաստիացրել են, որ վարկը կփակվի, փողը կվերադարձվի, բայց գործարարի համբերության բաժակը լցվել է մայիսի 29-ին, երբ «Հետք»-ում հրապարակվեց հայտնի սկանդալի մանրամասները։ Դա ապացույցն է այն բանի, որ ոչ միայն գցել են բանկին, այլև հենց Ռուբեն Վարդանյանին։
«Հետքի» հրապարակումից հետո իրադարձությունները զարգանում են սուպեր արագությամբ։ Հրապարակումից հետո Սերժ Սարգսյանն այցելում է Դիլիջանի միջազգային դպրոց, հանդիպում Ռուբեն Վարդանյանի հետ։ Նույն օրը կառավարությունն իր նիստում սույն օրենքի նախագիծը համարում է անհետաձգելի։ Հունիսի 10-ի Աժ նիստում որոշում է կայացվում օրենքի նախագիծը քննել հատուկ ընթացակարգով»,- հստակեցրեց Ն․Փաշինյանը։
Աժ պատգամավորը հայտարարեց, որ ինքը նախագծի երկրորդ և երրորդ ընթերցման ժամանակ էլ է դեմ քվեարկելու օրինագծին։ Նա նշեց, որ իր համակրանքը գործարար Ռուբեն Վարդանյանի կողմն է, բայց ինքը չի ուզում, որ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ և Նավասարդ Կճոյանի օրհնությամբ գցված փողերի համար պատասխան տա ՀՀ քաղաքացին։
Ն․Փաշինյանի հավաստմամբ՝ եթե Ռ․Վարդանյանին թվում է, որ այս նախագծով ինքը երաշխիքներ է ստանում, որ իրեն ավելի մեծ չափով չեն «գցի», ապա սխալվում է։ «Ինչո՞ւ է իշխանությունը փորձում Ռ․Վարդանյանի սիրտը շահել։ Այս հարցի պատասխանը պարզ է՝ նա ունի լուրջ միջազգային հեղինակություն և կապեր։ Իշխանությունը հասկացել է, որ այս հարցն արագ չլուծելու դեպքում օֆշորային սկանդալը վերածվելու է միջազգային սկանդալի»։
Պատգամավորն ընդգծեց, որ նման օրենքի ընդունումն անթույլատրելի է, քանի որ այն ընդունելով՝ կանաչ լույս է վառվում գցողների առաջ։