Օգոստոս ամսին վայել շոգերը վերականգնեցին իրավիճակը երկրում: Թէ չէ թավշյա հեղափոխության պատճառով վարչապետը ստվերել էր Հիդրոմետ ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանին:
Հիմա նորից բոլորիս ամենից շատ օդի ջերմաստիճանն է հետաքրքրում: Տվյալ պահի ջերմաստիճանից ավելի հետաքրքիր է միմիայն վաղվա ու մյուս օրվա ջերմաստիճանի կանխատեսումը: Ու այս իրավիճակում ոչ ոք չի նկատում, թե ինչպես պարզ տնտեսական տեղեկատվությունը փոխարինվում է քրեական քրոնիկոնով: Ուզում ես տեսնել, թե ինչ նորություն կա երկրի տնտեսական կյանքում, բայց բոլորովին այլ բնույթի տեքստերի ես բախվում:
Օրինակ, Փոքր Վեդիի նախկին գյուղապետը, համաձայնության գալով տեղի մանկապարտեզի ղեկավարի ու մի համագյուղացու հետ, 20 տարի շարունակ սեփական հորը վարորդ է ձևակերպել ու 20 տարվա ընթացքում 5 մլն 600 հազար դրամ աշխատավարձ վճարել: Սույն արարքով պետությանն ուղիղ այդ գումարի չափով վնաս հասցնելով: Սա ես չեմ ասում, այլ երկրիս Ոստիկանությունը: Ու որպեսզի ոչ մեկի մոտ թյուր պատկեր չստեղծվի, որ կոռուպցիան ու գանձագողությունը, երկրի տնտեսության, նման միայն կենտրոնացել է բացառապես մայրաքաղաքում, Ոստիկանությունն ահագին հետաքրքիր փաստեր է հրապարակում գյուղական վարք ու բարքից:
Միջին վիճակագրական հայաստանցին հավանաբար գիտի, որ Վայոց Ձորում Մալիշկա անունով գյուղ կա: Հավանաբար գիտի նաև, որ այս գյուղը երկրում ամենախոշորներից է: Բայց հիմա ժամանակն է իմանալու, որ անցած երկու տարվա ընթացքում սույն համայնքի գյուղապետարանի շենքի վերանորոգման համար 60 հազար դոլարի չափով գումար է հատկացվել:
Ոստիկանության հաղորդագրության մեջ գումարը, բնականաբար, ազգային վճարամիջոցով է ներկայացված` 29 մլն դրամ: Պարզվում է, որ այդ գումարը մասնակի է բուն նպատակով ծախսվել: Քննություն է տարվում՝ պարզելու, թե որքան վնաս է հասցվել պետությանը:
Որպեսզի առանձին թերահավատներ ավելի լուրջ ընդունեն հաղորդվող տեղեկատվությունը, Ոստկանությունն ավելացնում է, որ գյուղապետն իր ընտանիքի անդամներին` կնոջը և երկու որդիներին, իր ենթակայության տակ գտնվող մարզադպրոցում մարզիչ է ձևակերպել: Չաշխատող կամ կեղծ մարզիչներին ամեն ամիս 800-900 հազար դրամ աշխատավարձ է վճարվել:
Ընդունեք, որ երկու գյուղերի դեպքում էլ մեղսագրվող գումարները «հարգանքի արժանի» թվեր են: Այդ թվերն էլ ապացուցում են, որ գյուղապետերի ընտրությունների 10-20 հազար ընտրակաշառքի մասին լուրերն ամենևին էլ առասպելների ժանրից չէին: Փոխարենը՝ առասպելների ժանրի տեղեկատվություն կարելի է համարել այն, որ ԱԱԾ գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանը նույն օրվա ընթացքում փորձել է երկու բանկից կանխիկացնել 4 մլն դոլարը գերազանցող գումար:
Փորձը, բնականաբար, կանխվել է նույն ԱԱԾ-ի կողմից: Ասեք, որ ավելի «միամիտ» կամ մանկամիտ արարք դժվար է հորինել: Մի քանի օրվա ընթացքում ձերբակալված երկրորդ գեներալի նկատմամբ վերջապես առաջին անգամ կհարուցվի ՀՀ Քրեական օրենսգրքի 301.1 հոդվածը: Խոսքն այդքան երկար քննարկված «ապօրինի հարստացումը» քրեականացնող հոդվածի մասին է: Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում Քրեական օրենսգրքի այս լրացումը գործի դրվեց՝ դեռ երկու տարին չբոլորած (եթե չեմ սխալվում):
Մայրաքաղաքում կատարվածն ինչ-որ իմաստով զարմանալի չէր: Հավանաբար շատերը կպնդեն, որ, ավելին` սպասելի էր: Բայց շատ ավելի տարօրինակ էր Տավուշի մարզի գյուղապետերից մեկի անվան հետ կապված դեպքը: Նա ոստիկանություն է դիմել՝ պնդելով, որ ոմն Արևիկ Օհանյան բարեգործական կազմակերպության անունից իրենից շորթել է 200 հազար դոլար գումար:
Մամուլը հետո գրեց, որ այս կինը մարզում մեկ այլ դեպքով դատական գործընթացի մեջ է ներքաշված: Խոսքը, բնականաբար, Դյումայի հանրահայտ հերոսի ձևակերպած «Օգոստինոս Երանելու աստվածաբանական հայացքների շուրջ վեճի մասին» չէ, այլ՝ կրկին խարդախության: Այ թե թանկարժեք կրքեր են բորբոքվել մեր նահապետական համարվող «խախանդ» գյուղերում: Եթե քրեական լրատվությունը շարունակի նույն տեմպով բացահայտումների շարքը՝ մայրաքաղաքային կոռուպցիան ու կաշառակերները պուրիտանական վարքագծի տեր անձեր կընկալվեն: Գյուղերում կրքերն ավելի թեժ են: Շատ համայնքներում են ոտքի ելել գյուղապետերի դեմ:
Ընտրակաշառքը, փաստորեն, երկսայրի սուր է, որ ազնիվ կողմ չի թողնում: Այդ Սարոյանն էր վստահ ասում` «Այնտեղ, որտեղ ես ծնվել եմ՝ մարդիկ բարեկիրթ են»:
Նյութի աղբյուրը ՝ 168.am