Ազգային ժողովը արտահերթ նստաշրջանում քննարկում է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Օրենքի նախագծի ընդունմամբ 2013 թվականի հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը կդառնա 45 հազար դրամ՝ այսօրվա 35 հազարի փոխարեն: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը պարզաբանեց, որ բարձրացվելու են մինչև 45 հազար դրամ ստացողների աշխատավարձերը:
«Այս նախագծով մինչև 2014 թվականի հունվարի 1-ն առկախվում է քաղծառայողների պաշտոնական դրույքաչափի բարձրացումը, այլ բարձրացվում են բոլոր աշխատավարձերը, որոնք գտնվում են մինչև 45 հազար դրամի սահմաններում»,- ասաց նախարարը:

Վերջինս նշեց, որ աշխատավարձերի համակարգային բարձրացում տեղի է ունենալու 2014 թվականի հունվարի 1-ից:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ 45 հազար դրամը չի ծածկում անգամ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը: «Դուք եկել եք, աղքատության հաղթահարումից եք խոսում, ինչի՞ց եք խոսում, անհասկանալի է»,- կառավարության անդամներին դիմեց նա:

Այս նախագիծն, ըստ նրա, կբերի նաև ստվերային տնտեսության մեծացմանը:
«Իրավական-քաղաքական տեսանկյունից այս այս նախաձեռնությունը հակասում է ողջ տրամաբանությանը, այն ինչ որդեգրել է կառարավարությունը: Ես համոզված եմ՝ եթե անգամ հունվարի 1-ից բերեք մի նոր ռազմավարություն, ապա անպայման էն վատ մսավաճառի նման փափուկի հետ մի տասը կիլո էլ ոսկոր եք կոխելու մեջը և ասելու եք՝ էս միսը տարեք, կերեք: Արդյունքում՝ մենք ունենալու ենք էն, որ անհետևողական սոցիալ-տնտեսական և իրավա-քաղաքական գործողությունների արդյունքում մեր քաղաքացիներին հերթական անգամ  մղելու ենք հուսալքության գիրկը»,- ընդգծեց նա: