Ռուսաստանում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում մեկնարկում է կիսաեզրափակիչ փուլը։ Հուլիսի 10-ին Սանկտ Պետերբուրգի համանուն ստադիոնում կհանդիպեն Ֆրանսիայի և Բելգիայի հավաքականները։
Երկու թիմերն էլ խմբային մրցաշարում խնդիրներ չունեցան․ Բելգիան վաստակեց 9, իսկ Ֆրանսիան՝ 7 միավոր։ Դիդյե Դեշամի և Ռոբերտո Մարտինեսի գլխավորած հավաքականները խմբերում գրավեցին առաջին տեղերը։
1/8 եզրափակիչում Բելգիան մեծ դժվարությամբ հաղթահարեց Ճապոնիայի արգելքը։ Ճապոնացիների հանդիպման երկրորդ խաղակեսի սկզբնամասում 2 գնդակի առավելություն էին ստացել, սակայն Վերտոնգենը, Ֆելայինին և Շադլին հաղթանակ բերեցին բելգիացիներին։
Ֆրանսիային 1/8 եզրափակիչում սպասում էր Արգենտինայի հավաքականը։ Դիդյե Դեշամի մարզչական ճիշտ որոշումների արդյունքում ԱԱ-1998-ի չեմպիոնները խնդիրներ չունեցան Լիոնել Մեսիի հավաքականի հետ խաղում։
Քառորդ եզրափակիչում արդեն ամենին ինչ այլ էր, քանի որ Ֆրանսիային բաժին էր հասել մինչ այդ ընդամենը 1 գոլ ընդունած Ուրուգվայը, իսկ Բելգիան պետք է խաղար Բրազիլիայի հետ։
Ստացվեց այնպես, որ Ֆերնանդինիոյի ինքնագոլը և Կևին Դե Բրույնեի դիպուկ հարվածը 2 գոլի առավելություն տվեց բելգիացիներին։ Հանդիպման երկրորդ հատվածում բրազիլացիներն ավելի շատ էին գրոհում, սակայն, բացի հաշիվը կրճատելուց Տիտեի թիմին ոչինչ անել չհաջողվեց։
Ուրուգվայի հետ խաղում Ֆրանսիային առաջ մղեց Ռաֆայել Վարանի դիպուկ հարվածը։ Իսկ երկրորդ խաղակեսում կոպիտ սխալվեց հարավամերիկացիների դարպասապահ Մուսլերան։
Բելգիայի և Ֆրանսիայի հավաքականների ֆուտբոլիստներից շատերը հանդես են գալիս նույն ակումբներում կամ նույն լիգաներում, սակայն կա մեկը, որն ավելի մեծ ուշադրության է արժանի։ Թիերրի Անրին 1998-ին Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ 2000-ին՝ Եվրոպայի չեմպիոն։ Բայց հիմա նախկին հարձակվողը մրցակցի ճամբարում է․ նա Ռոբերտո Մարտինեսի օգնականն է։
Ֆրանսիայի հավաքականի դարպասապահ Ուգո Լյորիսն ասել էր, որ այդ խաղում Անրիի սիրտը բաժանվելու է 2 մասի։
Նախորդ անգամ հավաքականները հանդիպել են 2015 թվականի հունիսի 7-ին։ «Ստադ Դե Ֆրանսում» տեղի ունեցած ընկերական խաղում Բելգիան հաղթել է 4։3 հաշվով։
Ֆրանսիա - Բելգիան հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22։00-ին: