Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հունիսի 14-ին սնանկ է ճանաչել «Տոնուս» ՍՊ ընկերությանը: Այս թեմային անդրադարձել է թերթը` հավելելով, որ շինարարական ընկերության` կամավոր սնանկության պահանջի մասին գործով դատարանին ներկայացված դիմումում նշված պարտավորության չափը կազմում է 6 մլրդ. 474 հազար 792 դրամ կամ 15մլն. 757 հազար դոլար:
Ավելի վաղ ինքնասնանկացման համար «Տոնուս»-ի կողմից ներկայացված դիմումը հետ էր ուղարկվել` փաստաթղթերի թերի լինելու պատճառով:
Թերթը հիշեցնում է, որ «Տոնուս»-ի գործունեությունից մինչ օրս բողոքել են ընկերության կողմից կառուցվող Փափազյան 118/1 և Դավիթաշեն 44/4 բազմաբնակարան բնակելի շենքերում բնակարան ձեռք բերած քաղաքացիները: Ընկերությունը նաև վարկային պարտավորություն ունի «Արցախբանկ»-ի հանդեպ, որտեղ գրավադրված են բնակարանները:
«Սնանկության գործով կառավարիչը պետք է ուսումնասիրի այդ բնակարանների կարգավիճակը: Շատ հնարավոր է, որ լինեն մարդիկ, ովքեր բնակարանները ձեռք են բերել, ունեն իրենց անունով ձևակերպված սեփականության վկայական, սակայն իրենք էլ դա որպես գրավի առարկա թողած լինեն բանկում: Չի բացառվում նաև, որ այդ գործողություններում քրեորեն պատժելի արարքներ լինեն, ինչը պարզ կդառնա փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում»,- գրում է թերթը: