«Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը, օրերս հայտարարեց, թե վատ չի լինի, եթե Ազգային ժողովի աշխատանքնեը լուսաբանող լրագրողները վճարեն պատգամավորներին. «Դուք էդ փողը, էդ հացը մեր միջոցով եք աշխատում, հետևաբար մենք ձեր ստնտուն ենք»,- իր տեսակետն էր արտահայտել ՀՀԿ-ական պատգամավորը: ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Մանվել Բադեյանին ևս դուր էր եկել լրագրողների կողմից վարձատրվելու տարբերակը:
Երեկ «Չորրորդ Ինքնիշխանություն»-ն փորձեց այս առչությամբ Բադեյանից մեկնաբանություն ստանալ, ինչին ի պատասխան պատգամավորն ասաց. «Դուք չգիտե՞ք, որ ցանկացած լրատվամիջոց, երբ որ օգտվում ա այս կամ այն ինֆորմացիոն աղբյուրից, դա աշխարհում ընդունված կարգ ա՝ բոլոր երկրներում, նույնիսկ Սովետական Միությունում, վարձատրվում ա»: «ՉԻ» այն դիտարկմանը, թե Ազգային ժողովը քաղաքական կառույց է, և այստեղ «ընտրվածները» պարտավոր են պատասխանել լրագրողների կողմից բարձրացված հասարակությանը հուզող հարցերին, Բադեյանը պատասխանեց. «Պարտավոր չեմ, ձեր փող աշխատելու համար ես ոչ մի բան էլ պարտավոր չեմ անեմ: Ես գումարի մասին չեմ ասում, որ լրագրողը ինտերվյու վերցնի ու չվճարի դրա համար: Դա սկզբունք ա: Մենակ դուք եք, ինչ ուզում եք, անում եք»: