Քիչ առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստի ժամանակ երեք քաղաքական հայտարարություն արեց, որոնցից առաջինը հետևյալն էր
«Ես անձամբ խիստ շահագրգռված եմ, որ բոլոր այն բացահայտումների մասին, որ խոսում էր վերահսկիչ պալատը, անհապաղ ներկայացնել իրավապահ մարմիններին և տրվեն պատասխաններ և ես ամեն ինչն անելու եմ, որ հրապարակային հնչած մեղադրանքները ստանան պատասխաններ»,-իր խոսքում նշեց Տ.Սարգսյանը:
ՀՀ վարչապետը նշեց, որ ինքն ամբողջությամբ կիսում է ԱԺ նախագահի այն տեսակետը, որ պետական բյուջեի միջոցները երբևիցե մսխած պաշտոնատար անձիք պետք է կրեն խիստ պատիժ:
Վարչապետն իր երկրորդ հայտարարությունում նշեց, որ Վերահսկիչ պալատը խիստ մասնագիտավցված կառույց է և ինքը համաձայն է պատգամավորների հետ, որ անհրաժեշտ է օրենսդրությամբ հստակ նկարագրել այն պրոցեդուրաները, թե ինչպես է ներկայացվում ՎՊ-ի հաշվետվությունն ԱԺ-ում:
«Վերահսկիչ պալատը իրավունք չունի հանդես գալու քաղաքական հայտարարությամբ, այն պարտավոր է ներկայացնել միայն մասնագիտական եզրակացություններ, իսկ քաղաքական գնահատականներ տալը դա Ազգային ժողովի և գործադիր իշխանության ֆունկցիաններն են»,-նշեց ՀՀ վարչապետը:
Վարչապետը նշեց, որ այն ինչ տեղի ունեցավ ԱԺ-ում ոչ մի կապ չուներ այն նյութերի հետ, որոնք գտնվում են կառավարության ուշադրությանն կենտրոնում:
«Այն հայտարարությունը, որ պետական բյուջեի 70% խիստ ռիսկային է և կոռումպացված ձևով է ծախսվում, վերաբերվում է յուրաքանչյուրիդ: Դա նշանակում է, որ համատարած բոլոր ոլորտներում է առկա ռիսկային գործոնը: Ինչը չի կարող համապատասխանել իրականությանը»,-նշեց ՀՀ վարչապետը:
Իսկ երրրոդ հայտարարությունը հետևյալն էր.
«Ես հանձնարարում եմ բոլորիդ և պահանջում ձեզանից, որ որևիցե մեղադրանք, որ հնչել է ձեր հասցեին, անպատասխան չմնա: Դուք պարտավոր եք պատասխանել այդ մեղադրանքներին կամ հերքել, կամ պատրաստել նյութեր և այդ նյութերը հանձնել դատախազությանը կամ հրապարակային ներկայացնել, որ այդ մեղադրանքները ճիշտ են և դուք դրա համար պետք է կրեք պատասխանատվություն»,-նշեց Տ. Սարգսյանը: