Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը հայտարարել է Գերմանիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին:

Պատճառը Գերմանիայի ֆուտբոլային միության նախագահ Ռայնհարդ Գրինդելի վերաբերմունքն է ֆուտբոլիստի նկատմամբ:

«Գրինդելը վերջերս հայտարարեց, որ ես պետք է բացատրություն տամ իմ քայլերի համար եւ աշխարհի առաջնությունում ձախողման մեղքը դրեց իմ վրա: Ես այլեւս չեմ լինի քավության նոխազ նրա անկարողությունից ճիշտ կատարել իր աշխատանքը:

Գիտեմ, որ Էրդողանի հետ իմ լուսանկարի պատճառով նա չէր ցանկանում ինձ ընդգրկել աշխարհի առաջնության մեկնող կազմում, սակայն Յոահիմ Լյովն ու Օլիվեր Բիրհովը պնդել են հակառակը: Գրինդելի եւ նրա կողմնակիցների համար ես գերմանացի եմ, երբ հաղթում ենք, եւ ես ներգաղթյալ եմ, երբ պարտվում ենք:

Դրա պատճառն այն է, որ ինձ դեռ չեն ընդունել գերմանական հասարակությունում, թեեւ հարկեր եմ վճարում Գերմանիային, նվիրատվություններ եմ անում գերմանական դպրոցներին, իսկ 2014-ին էլ նպաստեցի աշխարհի չեմպիոն դառնալուն: Պոդոլսկուն եւ Կլոզեին չեն ընկալում որպես գերմանալեհ, իսկ ինչո՞ւ եմ ես Գերմանիայի թուրք եւ մուսուլման: Կարծում եմ՝ սա կարեւոր խնդիր է: Ես ծնվել եւ մեծացել եմ Գերմանիայում, բայց ինչո՞ւ մարդիկ ինձ չեն համարում գերմանացի:

Գերմանիայի ֆուտբոլային միության վերաբերմունքը ստիպեց ինձ չցանկանալ հագնել Գերմանիայի հավաքականի համազգեստը: Ես զգում եմ ռասիստական եւ հարգանքից զուրկ վերաբերմունք»,- գրել է Օզիլը Թվիթերում:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունից առաջ Օզիլը Լոնդոնում լուսանկարվել էր Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ եւ հայրենիքում արժանացել քննադաըության դրա համար:

Օզիլը Գերմանիայի թիմում հանդես էր գալիս 2009 թվականից: 29-ամյա ֆուտբոլիստը 92 խաղում խփել է 23 գոլ: