Ըստ «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Կանանց ձեռներեցությանն աջակցման հատվածի զարգացման ծրագիր (Հատուկ գործառնություններ)» վարկային համաձայնագրի` ԱԶԲ-ն Հայաստանին տրամադրում է 20 մլն դոլարի վարկ` տարեկան 10% տոկոսադրույքով:

Ինչպես նշեց հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Լիանա Հունանյանը, այս համաձայնագիրը, խոշոր առումով, չի տարանջատում կանանց ու տղամարդկանց: Ըստ նրա` վարկերի 50 տոկոսը տրամադրվելու է կանանց, կնոջ դերակատարումը շեշտադրելու համար: Նրա խոսքով` այս վարկերը տրվելու են նաև տղամարդկանց, ովքեր մանր ու միջին բիզնեսի սեփականատեր են և արդյունքում համաձայնագիրը ուղղված է լինելու`ՓՄՁ-ների բարելավմանը: 

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային ու բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Խոսրով Հարությունյանն նշեց, որ հատկացված ընդհանուր գումարից 600 հազարը կտրվի խորհրդակցություններին:

 Սակայն  ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց « 20 միլիոնից 600 հազար դոլարը հատկացնում եք խորհուրդներին, բայց որքա՞ն է դրանց օգտակար գործողության գործակիցը, որի չափը մենք երբեք վավերացնելուց հետո չենք կշռել: Հինգ օր էստեղ ռեալիթի շոուներ կազմակերպվեցին, որ բոլորդ սուրբ եք, այս ամենը ինձ հիշեցրեց այն անեկդոտը` բա որ բոլորդ սո՞ւրբ եք, եկեղեցու խաչը ո՞վ է գողացել… Անընդհատ խոսում ենք` որտե՞ղ են կոռուպցիոն ռիսկերը: Այդ 600 հազարով ի՞նչ խորհուրդներ պետք է տաք»,- հետաքրքրվեց Նաիրա Զոհրաբյանը:

Խոսրով Հարությունյանն էլ պատասխանեց, թե մասամբ կիսում է պատգամավորի մտահոգությունները՝ նշելով, որ վարկային ծրագրերի դեպքում պետք է մտածել ոչ թե ինչքա՞ն ծախսեցին, այլ` ի՞նչ ստացան: