«Իրատես» թերթը գրում է. «Անցնող ամեն օրն ապացուցում է՝ իշխանական բուրգի գագաթում հայտնված անձինք «մասնագիտացած» էին բացառապես փողոցային-միտինգային պայքարի մեջ, փոխակերպվել, կարծես, չի ստացվում, ինքնահիացքը փակուղի է տարել նրանց, և տպավորություն է, թե իշխանական բուրգը, դեռ չկազմավորված, քանդվում է։

Իշխանության մարտահրավերները հզոր են ոչ միայն ներքին, այլև, առաջին հերթին, արտքաղաքական հարթությունում։ Շշուկները, որ Ռուսաստանի համար նոր իշխանություններն անհասկանալի հիբրիդ են, և առաջիկայում Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները կարող են ինչ-ինչ «անհասկացողության պատի» դեմ առնել, իրենց դրսևորումներն ունեցան Փանիկի, վարչապետի վերջին ասուլիսում հնչեցրած մտքերի համատեքստում։

Չմոռանանք՝ հարաբերություններն այն չեն նաև ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ, չհիշեցնենք Սվիտալսկի-Փաշինյան դիսկուրսը, «դիտենք» ՀՀ երկու փոխվարչապետների «տուռերը»՝ Կանադա-ԱՄՆ, որոնք ավարտվեցին ոչ միայն խիստ ցածր մակարդակի հանդիպումներով, այլև ներդրումային «փաթեթների» չգոյությամբ։

Ասել է՝ Հայաստանը յուրօրինակ միջազգային աքցանի մեջ է հայտնվել։

Պատրա՞ստ է երկիրը, ինչպես երևում է, բավականին «հետաքրքիր» դասավորություններին։ Դժվար է ասել։ Բայց և նոր իշխանությունների, մասնավորապես Փաշինյանի հռետորությունը տարակույսներ է առաջացնում. ներքին-արտաքին խնդիրների այս ահավոր թնջուկի մեջ

Փաշինյանը որոշել է խաղալ բացառապես միայնակ։

Միայնակ խաղացող Փաշինյանը խնդիրներ ունի քաղաքական ուժերի, այդ թվում` համաձայնության կառավարության անդամների հետ։

Բազում խնդիրներ։

Միայնակ Փաշինյանը խնդիրներ ունի իր թիմի ներսում, այնտեղ արդեն սկսվել է մեծ գզվռտոցը։ Կենտրոնում Դանիել Իոաննիսյանն է, մնացածի «պայքարը» դեռ գորգի տակ է։

Միայնակ Փաշինյանը խնդիրներ ունի ԶԼՄ-ների հետ ու այդպես էլ չարձագանքեց ԶԼՄ-ների ղեկավարների հայտնի հայտարարությանը, այդպես էլ գեթ մեկ բառ, բացի «հակապետական» մոտեցումներից, ի պաշտպանություն ԶԼՄ-ների հնչեցրած մտահոգությունների, մեր նախկին լրագրող ընկերը չարտաբերեց»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: