Այսօր Ազգային ժողովում լրագրողները ՀՀ տրանսպորտի և կապ փոխնախարար Հրանտ Բեգլարյանից հարցրեցին, թե արդյոք թանկանալու է տրանսպորտը:

«Ես տրանսպորտի փոխնախարար եմ, բայց այդ ոլորտը չեմ համակարգում: Բայց գիտեք՝ տրանսպորտի վառելիքը գազն է... չի քննարկվել դեռ գնի թանկացում»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ դա ենթադրում է, որ թանկացում է լինելու, նա կրկին պատասխանեց. « Ես ասում եմ, որ դեռ չի քննարկվել տրանսպորտի սակագնի հարց: Ես չեմ կարող որևէ ենթադրություններ անել, որովհետև դա իմ ոլորտը չէ»:

Փոխնախարարը հայտնեց նաև, որ դեռևս դիմում չի եղել, և կրկին ասաց, որ քննարկում չի եղել:

Նա նշեց, որ նախ մրցույթի ժամանակ են հայտարարում սակագինը, իսկ մրցույթի իրականացման հիմքում նշված է . «Եթե վառելիքի, պահեստամասի զգալի թանկացում է լինում,  ապա կարող է փոխադրողը դիմել և մրցույթային հանձնաժողովը պարտավոր է քննարկել դա: Հիմա քննարկման փուլում է, ինչ ասեմ»,-իրեն հակադարձեց Բեգլարյանը:

Վերջինս նշեց, որ ինքը տրամադրված չէ, որ տրանսպորտը թանկանալու է: