Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները Վերաքննիչ դատարանում կվիճարկեն նրա խափանման միջոցը: Հիշեցնենք, որ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի մարտին սահմանադրական կարգը տապալելու համար:
Մարտի 1-ի գործը եւ Քոչարյանի ձերբակալությունը Հայաստանի հանրությունում միանշանակ անձագանք չեն ստացել ոչ իրավական, ոչ էլ քաղաքական առումով: Ընդ որում, Քոչարյանին մեղադրում են ինչպես ցուցարարներին ցրելու համար բանակն օգտագործելու հրաման տալու, այնպես էլ 10 մարդու սպանության մեջ:
Քոչարյանը մի քանի տարի առաջ հայտարարել է, որ այդ մարդիկ սպանվել են այն վայրում, որը չեն վերահսկել ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը: Վերջերս տված հարցազրույցում նա ասել է, որ ոչ մի զինվորական Երեւանի կենտրոնում չի կրակել: Նույնը պնդում են ոստիկանության պաշտոնյաները՝ հայտարարելով, որ ոստիկանները չեն կրակել: Այդ դեպքում ո՞վ է կրակել:
Lragir.am-ին տված հարցազրույցում նախկին պատգամավոր, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը նույնպես տալիս է այս հարցը: «Ովքեր են եղել այն մարդիկ, ովքեր կրակում էին՝ օգտագործելով մարտական զենքը։ Այդ մարդիկ զենք կրելու պետական իրավունք չեն ունեցել, դրանք տարօրինակ մարդիկ էին, և պետք է հայտնաբերվեն նաև այդ մարդիկ», ասել է Իգիթյանը։
Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը նույնպես ակնարկում է, որ երրորդ ուժ կարող էր ներգրավվել. «Զոհեր եղան երկու կողմից՝ և՛ ուժային կառույցների, և՛ ցուցարարների։ Այստեղ կա՛մ երկու կողմ կա, և պետք է երկուսի գնահատականն էլ տալ, կա՛մ կա երրորդ կողմ, որը փորձում էր սրել իրավիճակը: Ամեն դեպքում պետք է պարզել, թե ով է սկսել կրակել, ում հրամանով է դա եղել, և ես կարծում եմ՝ շատ անսպասելի փաստեր կարող են ի հայտ գալ»։
Սոցիալական ցանցերում պահանջում են հրապարակել 0038 հրամանի ամբողջ տեքստը, որով բանակը զորանոցային վիճակի է բերվել: Սոցցանցերի օգտատերերն ասում են, որ հրամանում գրված է ոչ միայն հայկական բանակի, այլ նաեւ Ալֆա խմբի եւ ուրիշ «ոչ հայկական» դեմքերի ներգրավման մասին:
Սա կորելացվում է Իգիթյանի հայտարարության հետ, որ «այդ մարդիկ զենք կրելու պետական իրավունք չեն ունեցել, դրանք տարօրինակ մարդիկ էին»:
Մարտի 1-ին Հայաստանում աշխատե՞լ են այլ պետությունների հատուկ ծառայություններ, այդ թվում՝ Ռուսաստանի: Խորհրդարանի նախկին խոսնակ Գալուստ Սահակյանը ժամանակին հայտարարել էր, որ մարտի 1-ը կարող է բացահայտվել միայն ինքնիշխանություն ունենալու դեպքում:
Ո՞վ է կրակել մարտի 1-ին: Ռոբերտ Քոչարյանը հայտարարություն կանի՞ այս առթիվ: Դա, իհարկե, հարցերի նոր շղթա առաջ կբերի, օրինակ, ինչու են Հայաստանի իշխանությունները 10 տարի իմացել ու լռել Հայաստանի ներքին գործերին երրորդ պետության միջամտության մասին: Դա կարող է պարզություն մտցնել 10 մարդու սպանության գործում, ինչպես նաեւ պատասխանել հարցին, արդյոք մարտի 1-ը ներհայկական գործ էր, թե ոչ:
Նյութի աղբյուրը՝ Lragir.am


