«Матч ТВ» հեռուստաալիքի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանն անդրադարձել է Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Փյունիկի» պատմական հաղթանակին ղազախական «Տոբոլի» նկատմամբ: Նոբել Առուստամյանը «Матч ТВ»-ի մեկնաբան Տիմուր Ժուրավելի հետ Երեւան էր ժամանել այդ հանդիպման համար եւ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում խաղը դիտում էր դարպասի հետեւի հատածից:
«Տալալաեւի «Փյունիկը» կերտում է հայկական ֆուտբոլի պատմություն: Այսքան հեռու ոչ ոք չէր գնացել եվրագավաթներում: Շատ ուրախ եմ թիմի եւ, հատկապես, Արթուր Սողոմոնյանի համար»,- ֆեյսբուքյան էջում գրել է Առուստամյանը:
Հիշեցնենք, որ պատասխան խաղում հայկական ակումբը հաղթել էր նվազագույն հաշվով եւ դուրս եկել հաջորդ փուլ: Դաշտի տերերի հաղթական գոլը 82-րդ րոպեին խփեց կոտդիվուարցի հարձակվող Մոհամեդ Կոնատեն։ Դիմակայությունում գրանցվեց 2:2 հաշիվը, եւ «Փյունիկը» հաջորդ փուլ դուրս եկավ մրցակցի դաշտում խփած գոլի շնորհիվ:
Ղազախստանում կայացած առաջին խաղում «Փյունիկը» պարտվել էր 1:2 հաշվով: Հաջորդ փուլում Անդրեյ Տալալաեւի գլխավորած թիմը կմրցի իսրայելական «Մաքաբի Թել Ավիվի» եւ սերբական «Ռադնիչկիի» դիմակայության հաղթողի հետ։
Եվրագավաթներում հայկական ակումբներին երբեք չէր հաջողվել հաղթահարել որակավորման երկրորդ փուլի արգելքը: