…Ասում էր՝ Ես ձախ ոտնամանիս մեջ միշտ քսան դրամանոց եմ պահում, որ փողը ինձ չիշխի, ես փողին իշխեմ:
…ասում էր՝ Ես ամեն առավոտ գնում էի տանս կողքի փուռը մի հացի փող էի տալիս ու կեսը վերցնում, մյուս կեսը թողնում նրան, ով հացի կարոտ կլիներ:
…ասում էր՝ Ես ո՞նց հանգիստ ապրեմ, երբ ընկերներս Եռաբլուրում պառկած են, իսկ նրանց ազատագրած հողերը վաճառքի են հանել:

…ասում էր՝ Ռուսաստանի դեսպանատան առջև ցույց պիտի անեմ ու պահանջեմ, որ ներողություն խնդրեն ինձնից հարյուրից ավել մատաղ կյանքեր զոհելու համար, թշնամուն զենք վաճառելու համար:
…ասում էր՝ կգան ինձ հետ լավ, չեն գա, մենակ կանեմ:
…ասում էր՝ Ապրիլի 2-ին երթ եմ անելու՝ Եռաբլուր, ի՞նչ խղճով են գնալու ընտրությունների, երբ էդքան կյանք են մատաղ արել, ընդամենը մի տարի առաջ:
… ասում էր՝ ընտրություննե՞ր, էն էլ այդ օրը՞, չի լինելու, թույլ չեմ տա:
… ասում էր՝ Ձախ ձեռքիս մատնեմատը կորցրեցի Արցախի ազատամարտիկներին հաց տանելիս, հրազենային վնասվածքից: Մատնեմատս չկա, բայց մի հրաշք աղջիկ ունեմ, ես իրա ցավը տանեմ:
…ասում էր՝ մարտի 6-ին, որ բաց չթողնեին, մարտի 8-ից ջրադուլ էի անելու, ետ կանգնել սկսած գործի՞ց, չկա՛ նման բան:

…ասում էր, էլ չի ասում, լռեց, լռեցրին:
Մոտեցա՝ լուսավոր ճակատը համբուրեմ, դեռ տաք էր, դեռ լսում էր, ականջին ասեցի՝ էս էր մնացել էս էլ արեցիր, տեսնենք ո՞վ ոտքի կկանգնի ու պատասխանդ լսեցի՝ Ես ոչ մեկից ոչինչ չեմ սպասում, Ես մենակ կանեմ, անձրև լինի, թե ձյուն, ինձ ոչինչ չի խանգարի:
Մանու՞կ էիր, թե երեսուներեքամյա այն երիտասարդը, որ կատարյալի ճանապարհը բռնեց ու աստվածացավ:
Չկա՞ս, գուցե չես էլ եղել, գուցե լեգենդ էր սա Հաց Բերողի մասին: ՈՒ երբ չի լինի ոչինչ, կլինի՝ մի
Երկիր Նաիրի, մի
Սասնա Ծուռ էպոս, մի
Հաց Բերող լեգենդ
և եթե մարդկանց մոլորակը ամբողջովին մի հրե գունդ դառնա, բայց գեթ մեկը մնացած լինի, որ հիշողությունը կորցրած չի լինի, կհիշի, որ եղել է՝ մի
Երկիր Նաիրի, մի
Սասնա Ծուռ էպոս, մի
Հաց Բերող լեգենդ:



Թամար Հովհաննիսյանի հուշերը

Ֆեյսբուք՝ Իզաբելլա Ալեքսանյան