Օգոստոսի 19-ին Անի Երանյանն իր երկրպագուներին եւ իրեն կարոտած հեռուստադիտողին կներկայացնի իր նոր տեսահոլովակը՝ նկարահանված անգլերեն վերնագրով ռուսալեզու երգի հիման վրա: Ի դեպ, իր երաժշտական կարիերան Անին այսուհետ կշարունակի ANI'E բեմական անվամբ, որը երգչուհին ընտրել է սոցիալական ցանցում երկար քննարկումներից հետո:
Անին օրերս իր հետեւորդների հետ կիսվեց տեսահոլովակի թիզերով, իսկ այսօր NEWS.am STYLE-ին պատմեց իր նոր աշխատանքի, ոճային կտրուկ փոփոխության եւ Ավրաամ Ռուսոյի հետ հանդիպման մասին:
Երգչուհին նաեւ մեզ է տրամադրել բացառիկ կադրեր՝ տեսահոլովակի նկարահանումներից:
«Երգի ստեղծման վրա աշխատել են Մոսկվայում իրենց գործի մեջ լավագույնները, ձայնագրությունը եւս Մոսկվայում է տեղի ունեցել: Երգը շատ ինքնատիպ է, կոչվում է Only You: Շատ քննարկումներից ու փնտրտուքներից հետո մեր ընտրությունը կանգ առավ հենց այս երգի վրա. այն միանգամից կպավ սրտիս»,-նշեց երգչուհի-դերասանուհին:
Հարցին արդյոք ռուսալեզու աշխատանքն ու բեմական կեղծանունը ռուսական շոու-բիզնես մտնելու մտադրության մասին են խոսում, Անին հակիրճ, բայց բազմաբովանդակ պատասխանեց.
«Ցանկությունը մեծ է, աշխատել է պետք»:
Իր նոր տեսահոլովակի նկարահանումների համար Անին ժամանել էր Երեւան.
«Տեսահոլովակը նկարահանել ենք Երեւանում՝ իմ կողմից շատ սիրելի եւ իր գործից լավագույնս հասկացող Արեն Բայադյանի հետ: Տեսահոլովակի շուրջ աշխատել են միայն պրոֆեսիոնալներ: Խնդիր ունեինք կտրականապես ոճափոխվելու, որը որ կարծում եմ՝ նրանք ստացան:
Սյուժեն երգի պես ինքնատիպ է եւ տարբերվող: Ամեն մեկն այն յուրովի կհասկանա, իհարկե, կլինեն նաեւ մարդիկ, որոնք չեն հասկանա: Տեսահոլովակի պրեմիերան կկայանա օգոստոսի 19-ին՝ Մոսկվայում: Ցանկացողներն, ի դեպ, կարող են ներկա գտնվել»,-հավելեց նա:
Ինչ վերաբերում է Ավրաամ Ռուսոյի հետ հանդիպմանն ու համատեղ լուսանկարի շուրջ ստեղծված քննարկումներին՝ երգչուհի-դերասանուհին նշեց.
«Երկուսս աշխատում էինք մի առիթի շրջանակում, հենց այդտեղ ծանոթացանք: Ստեղծվեցին շատ ջերմ հարաբերություններ, որոնք էլ իմ պրոդյուսեր Սոֆյա Ղուլյանի լուսանկարից չվրիպեցին:) Իսկ համագործակցության դեպքում դուք առաջիններից մեկը կլինեք, ովքեր կիմանան այդ մասին»,-խոստացավ երգչուհին: