Արագածոտնի մարզում, օգոստոսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 02:00-ի սահմաններում ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ Զովասար գյուղում քաղաքացու տան ուղղությամբ նռնակ են նետել, որը պայթել է:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ նույն գյուղի բնակիչ, 19-ամյա Արգիշտի Կ.-ն ժամը 01:50-ի սահմաններում իր հորեղբոր որդու՝ նույն գյուղի բնակիչ, 20-ամյա Վրեժ Կ.-ի հետ գնացել է նույն գյուղի 1-ին փողոցի 58 տուն եւ տունը պայթեցնելու նպատակով նռնակ է նետել 55-ամյա Սասունիկ Պ.-ի տան ուղղությամբ: Պայթյունի հետեւանքով վնասվել է մուտքի դուռը եւ պատուհանի ապակիները:


Արագածոտնի մարզի ոստիկանները ժամեր անց հայտնաբերել են Արգիշտի եւ Վրեժ Կ.-երին, որոնք բերման են ենթարկվել ոստիկանության Թալինի բաժին:

ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104 (սպանության փորձ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Արգիշտի եւ Վրեժ Կ.-երը ձերբակալվել են:

Աղբյուրի տեղեկություններով՝ Սասունիկ Պ.-ն դատապարտված է եղել եւ Արգիշտի Կ.-ի հետ խնդիրներ է ունեցել «Վարդաշեն» ՔԿՀ-ում:

Կատարվածի մասին քննչական բաժնում արդեն բացատրություն է տվել Սասունիկ Պ.-ի կինը՝ 46-ամյա Արմինե Պ.-ն, ով աշխատում է Զովասար գյուղի Մշակույթի տանը՝ որպես տնօրեն:

Ձերբակալվածներից Վրեժ Կ.-ն ՀՀ Պաշտպանության նախարարության ծառայող է: