Մեր ժողովուրդը միշտ «նեղ օրվա համար փող է ետ գցում»՝ հիվանդանալ, մեռնել կա, վեր ընկնել, ձեռ ու ոտից ընկնել կա, հիվանդանոց ընկնել կա, երեխուն ոտքի հանել կա․․․
Ամենասոսկալին որ մարդիկ պատկերացնում են, հիվանդանոց ու բանտ ընկնելն է։ Ասում են՝ դուշմանդ էլ չընկնի հիվանդանոց կամ բանտ։ Այնտեղ «մի ուրիշ կերպ են կլպում», վերջում եթե շապիկդ հագդ ես դուրս գալիս, փառք պիտի տաս Աստծուն (Յուրաքանչյուրը թող իրեն բացառություն համարի)։
Նոր Հայաստանում մի ուրիշ բան էլ մասսայականցվեց՝ բանտից գրավով ազատվելը։ Մի հոգս էլ ավելացավ։ Ֆեյսբուքյան օգտատերերից շատերն են խորհուրդ տալիս՝ գրավի փող հետ գցեք։ Ժողովուրդ, մի օր էլ ձեր դուռը կծեծեն, «հոգեպահուստ պահեք»:
Եթե հարուստներից որպես գրավ վերցնում են ասենք 20 միլիոն դրամ ու ազատ արձակում, չունեցողն ի՞նչ անի։ Չունեցողի համար սահմանված չափ չկա՞․․․Ասենք, հինգ երեխատեր մի մայր սիթի- միթիից մի բան է թռցրել։ Ինչքա՞ն տա, որ ազատվի։
Մտածելու այլ ձև չկա․ խոշորները գրավով դուրս են գալիս, մանրերը մնում․ սա նո՞ր ձև է։
Կուզեի իմանալ՝ սիսինացի, չորս երեխա խնամքին ունեցող մայրը, որ 10 հազար դրամ էր գողացել ու 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտվել, ինչքա՞ն գրավ պիտի տար, որ ազատության մեջ հայտնվեր։ Ուղղակի հետաքրքիր է։ Զինվորի մայր էր։ Դե ես մեկին եմ ասում, դուք հազար ու մեկին հասկացեք։
Գրավի փող հետ գցեք։ Ելքը դա է մնացել։
ՀԳ Մտորումներիս պատճառն այսօր ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի անվտանգության պետ Էդուարդ Բաբայանի 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակումն էր։ Տարոսը մանրերին։
Հասմիկ Բաբաջանյան
Նյութի աղբյուրը՝ Hraparak.am