Ես որեւէ քննադատության համար որեւէ մեկին քարկոծելը չեմ ընդունում: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 22-ին, հայ-չինական դպրոցի բացման արարողության ժամանակ, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ քարկոծում են իրենց քննադատող լրատվամիջոցներին:

«Ես որեւէ քննադատության համար որեւէ մեկին քարկոծելը չեմ ընդունում եւ կոչ եմ անում բոլորին, որ քննադատությանը վերաբերվեն կառուցողական: Ես ցանկացած քննադատության մեջ տեսնում եմ հնարավորություն գտնել մեր սխալները եւ ուղղել դրանք»,-ասաց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ իր կյանքի մի մեծ մասը լրագրող է եղել:


«Մենք պետք է բոլորս արձանագրենք նոր իրողությունները եւ գործենք նորովի»,-ասաց վարչապետը եւ ինքն էլ հարց ուղղեց լրագրողներին. «Հիմա ես եմ հարց տալիս. Հայաստանի պատմության մեջ երբեւէ լրատվական դաշտը եղե՞լ է այնքան ազատ, որքան այսօր»: