Խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանի հետ հանդիպելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի համաձայնությունը, ինչպես նաեւ վարչապետի ներկայացրած տնտեսական նոր քաղաքականությունն առիթ են տալիս ենթադրելու, որ Հայաստանի քաղաքական ուժերը կարող են երկխոսության ճանապարհին կանգնել:
Թավշյա հեղափոխությունից 100 օր անց երկրում համաձայնությունն ու երկխոսությունը սպառնալիքի տակ էին հայտնվել: Առճակատման նոր փուլի առիթը Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունն էր եւ նախորդ իշխանություններին գնահատական տալու հարցում հասարակական կարծիքի բեւառացումը: Քոչարյանի ձերբակալության ու ազատ արձակման նկատմամբ արձագանքը միանշանակ չէր: Հասարակության մի մասն արմատական է տրամադրված եւ պահանջում է նախկին իշխանությունների անվերապահ պատիժ եւ կուլակաթափություն: Մյուս մասն առաջարկում է հայացքն ուղղել ապագա: Բացի այդ, հանրային դիսկուրս նետվեց հակահեղափոխության տագնապալի գաղափարը, որն իբր նախապատրաստում են նախկին իշխանությունները:
Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հակահեղափոխության ռիսկ չկա: Այդ գնահատականի պատճառն Արա Բաբլոյանի՝ հանդիպման ու իրավիճակը քննարկելու առաջա՞րկն է: Երկխոսության առաջարկներ եղե՞լ են այլ քաղաքական ուժերից:
Այսօր Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիանանի ՀՅԴ ԿԿ պատվիրակությանը Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունու գլխավորությամբ: Պատվիրակության կամզում էր նաեւ Լիբանանին տուրիզմի նախարար Ավետիս Կիտանյանը: ՀՅԴ անդամները քննարկել են Թավշյա հեղափոխության արձանագրած դրական անդրադարձները և այդ ուղղությամբ ժողովրդային ակնկալությունները, ինչպես նաև Սփյուռքի, հատկապես Լիբանանի հայության մոտ ստեղծված մթնոլորտն ու այն պաշտպանելու վճռականությունը:
Կարելի է պնդել, որ Հայաստանում ներքաղաքական գործընթացները նոր, ավելի առողջ փուլ են մտնում, որը թույլ կտա նոր տնտեսական եւ ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարել:
Նախկին իշխանությունները չեն թաքցնում, որ պատրաստ են երկխոսության եւ համատեղ աշխատանքի, և միակ պայմանը պատժից հրաժարվելն է: Իզուր չէ, որ երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սահմանադրական փոփոխություններն արտահերթ ընտրությունների նշանակման միակ ճանապարհը չէ: Դա նշանակում է, որ մյուս խորհրդարանական ուժերի հետ պայմանավորվելու հնարավորություն կա:
Նոր կառավարությունն ունի ժողովրդի կամարտահայտությունը, իսկ նախորդ իշխանությունները՝ գործող օրենսդրությունն ու Սահմանադրությունը: Այս երկու հզոր էներգիաների հակադրումը ցույց է տվել իր անարդյունավետությունը: Մնում է սպասել երկխոսության արդյունքներին: Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է պայմանավորվել խորհրդարանական ուժերի հետ:
Նյութի աղբյուրը՝ Lragir.am