«Լիդիան Արմենիա»-ի մեքենաներն այսօր՝ օգոստոսի 27-ի առավոտյան փակել էին Ջերմուկի ճանապարհը եւ հրաժարվում էին իրենց մեքենաները հանել: Այս Հայկական բնապահպանական ճակատը գրել է Facebook-ի իր էջում:

«Լիդիանը ցույց էր տալիս տեսչական մարմնի եզակացությունը, որում տասից ավելի լուրջ խախտումներ էին արձանագրված, եւ ուզում էին, որ թույլ տանք իրենց գնալ ներս խախտումները վերացնելու: Ժողովուրդը թույլ չտվեց Ամուլսարի տարածք մտնել:


Լիդիանի մեքենաները փակել են Ջերմուկի ճանապարհը եւ հրաժարվում են իրենց մեքենաները հանել, ոստիկանությունը 20 րոպե տվեց ճանապարհը բացելու համար»,--նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ՀԲՃ-ն հայտարարել էր, որ «Լիդիան» ընկերությունն այսօր՝ օգոստոսի 27-ին պատրաստվում է հերթական պրովոկացիային եւ բազմաթիվ աշխատողների է մոբիլիզացնում. «Հավանական է, որ փորձեն բռնի ուժով ներս մտնել հանքի տարածք: Մոբիլիզացիայի կոչով ենք դիմում բոլոր բոլորին: Հիմա բազմաթիվ մարդիկ են հավաքվում նաեւ Ամուլսարի պոստերում»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մեկ ամսից ավելի է, որ Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող ակտիվիստները փակ են պահում դեպի Ամուլսար տանող ճանապարհները` պահանջելով դադարեցնել հանքի շահագործումը:

Միջազգային փորձագետները, որոնք տեղում ծանոթացել են իրավիճակին, պնդում են, որ «Ամուլսարում» հանքի շահագործումը վտանգում է Հայաստանի ջրային ռեսուրսները: Մասնավորապես, մեծ է թթվային դրենաժի հնարավորությունը եւ եթե այդպիսի բան լինի մակերեւութային եւ ստորգետնյա ջրերում, ապա դա արտազատվելու է եւ ջրերի մեջ է մտնելու: Քանի որ թթվային դրենաժը հարյուրավոր տարիներ է տեւելու, փորձագետները պնդում են, որ Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիան ինթերնեշնլ» ընկերությունը պետք է մաքրման կայան կառուցի, որը պետք է գործի ոչ միայն հանքի շահագործման առաջին օրվանից մինչեւ փակումը, այլեւ շահագործումից հետո եւս առնվազն 200 տարի. «Հնարավոր ռիսկերը, կարող են տեւել հավերժ, քանի որ առաջանալու են թունավոր թափոններ, որոնք առաջացնում են թթվային դրենաժ, որը կարող է ազդել ջրային համակարգի, դրա մեջ բնակվող կենսաբազմազանության վրա»:

«Լիդիան Արմենիա» ընկերությունը, սակայն, անդրդրվելի է. մի քանի օր է՝ ցույցեր են անում նաեւ ընկերության աշխատակիցները՝ պահանջելով չխանգարել իրենց աշխատանքին: Այս պահին ընկերությունում աշխատանքներ տեղի չեն ունենում:

Ըստ ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի՝ բողոքի ակցիաների պատճառով արդեն իսկ 3.5 միլիոն դոլարի վնաս են կրել: Ընկերությունը մտադիր է դիմել դատարան: