Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը չպետք է իշխանությունը պահպանելու փորձեր ձեռնարկեր՝ տեղափոխվելով վարչապետի աթոռին: Այս մասին ռուսական ՆՏՎ-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանը չպետք է սահմանադրական բարեփոխումներ կատարեր: «Այն ժամանակ ես հրապարակային քննադատեցի այդ բարեփոխումները եւ, իհարկե, չարժեր իշխանությունը պահպանելու փորձեր ձեռնարկել՝ տեղափոխվելով վարչապետի աթոռին»:


Դիտարկմանը, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ երկրորդ նախագահը քաղաքականություն վերադառնալու շանսեր չունի, Քոչարյանը նշել է. «Ես արդեն վերադարձել եմ: Ես 10 տարի Հայաստանի նախագահ եմ եղել: Այդ 10 տարիների ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն 5 անգամ աճել է, իսկ բյուջեն՝ 8 անգամ ավելացել: Երեւանում ինչ հետաքրքիր, վերակառուցված կառույցներ տեսնում եք, բոլորը կառուցվել են այդ տարիներին: Գիտեք, որ ամեն տարի 35-40 հազար աշխատատեղ էինք ստեղծում: Իմ նախագահության սկզբում փոքր եւ միջին բիզնեսի բաժինը 15 տոկոսից մինչեւ 41 տոկոսի էր հասել: ՀՆԱ-ում մասնավոր հատվածի բաժինը հասել էր մինչեւ 80 եւ մի փոքր ավելի տոկոսի, կյանքի որակն արմատապես փոխվել էր: Եվ մենք պետք է այդ մասին հիշեցնենք: Ես 10 տարի քաղաքականությունից դուրս էի, հնարավոր է՝ ոչ բոլոր մարդիկ են այդ մասին հիշում: Մենք կհիշեցնենք այդ մասին: Ես կարծում եմ՝ այն մարդիկ, որոնք մասնակցում էին այդ ամբողջ գործընթացին՝ բիզնես էին ստեղծում եւ զարգացնում էին տնտեսությունը, նրանք կդառնան հենց այն ընտրական հիմքը»:

Հարցին՝ Քոչարյանը մտադիր է իր կուսակցության, թե՞ կոալիցիայով հանդես գալ ընդդիմության դերում, Հայաստանի երկրորդ նախագահը պատասխանել է. «Ես հարցը բավական բաց եմ թողել: Ես հասկանում եմ, որ կարող եմ լուրջ կոնսոլիդացնող կենտրոն լինել այն մարդկանց համար, ովքեր տեսնում են ներկայիս խնդիրները»:

Նախկին նախագահը Հայաստանում այսօրվա իրավիճակն «անզուսպ պոպուլիզմ» է անվանել: «Վերջին հանրահավաքին հայտարարվում էր, որ Հայաստանում դե ֆակտո պետական կառավարման նոր համակարգ է ձեւավորվել եւ հեղափոխության հրապարակը ժողովրդի իշխանության բարձրագույն մարմին է հռչակվել: Ես մեջբերում եմ, սա կատակ չէ... մեր Սահմանադրությունում չկա նման բան, որ հրապարակը ժողովրդի իշխանության բարձրագույն մարմին լինի: Այնուհետեւ, բառացիորեն ըստ տեքստի. կառավարությունը հաշվետու է այս հրապարակին: Իսկ ես, ցավոք, կարծում էի, որ կառավարությունը հաշվետու է Ազգային ժողովին, պարզվում է՝ այդպես չէ... Եվ բոլոր կարեւորագույն ներքաղաքական եւ տնտեսական հարցերը քննարկվելու են այդ հրապարակում: Այն, ինչ կատարվում է Հայաստանում, անզուսպ պոպուլիզմ է, որի հետեւանքները, ըստ իս, երկար ժամանակ կխոչընդոտեն երկրի զարգացումը: Ես անգամ մտածում եմ՝ հետաքրքիր է, իսկ էլեկտրաէներգիայի, կոմունալ ծառայությունների, թոշակների, աշխատավարձերի չափի, հարկային օրենսգիրքը գուցե նույնպես այդ հրապարակում քննարկվե՞ն... Շատ հետաքրքիր տեսարան կլինի: Սա ոչ միայն փորձի բացակայության հարց է, սա ընկալման տոտալ բացակայություն է, թե ինչ է պետական կառավարման մեխանիզմը, թե ինչ է նշանակում իշխանության բաժանումը»:

Քոչարյանի ձեւակերպմամբ՝ ներկայիս «հեղափոխական էյֆորիան» չի կարող երկար պահպանվել. «Դուք գիտե՞ք գոնե մեկ հեղափոխության օրինակ, որից հետո մարդկանց կյանքն ավելի լավն է դարձել... գուցե Եգիպտո՞սը, գուցե Թունի՞սը, միգուցե Սիրիան, Լիբիա՞ն: Մարդկանց կյանքը մի քանի անգամ վատթարացել է: Իսկ գուցե դա Ուկրաինա՞ն է: Բացի տարածքների կորստից՝ մարդկանց կյանքի որակը զգալիորեն ընկավ: Միգուցե դա Վրաստա՞նն է: Դա տարածքի կորուստ է: Գոնե մեկ օրինակ ինձ բերեք: Ես պատճառ չեմ տեսնում, որպեսզի մեզ մոտ ավելի լավ լինի»:

Հարցին՝ արդյո՞ք նա վարչապետ դառնալու հավակնություններ ունի, Քոչարյանը պատասխանել է, որ չի ցանկանում դրա մասին խոսել. «Ես չեմ ուզում ապագայի մասին խոսել: Ինչո՞ւ եմ որոշել քաղաքականություն վերադառնալ, որովհետեւ հենց հիմա ես բազմաթիվ մտահոգություններ հայտնեցի եւ չեմ կարող կողքից նայել այդ ամենին: Ես այդ չէի անի, եթե մտահոգությունն ինձ քաղաքականության չդրդեր»: