Դոնեցկի «Մետալուրգի» համասեփականատեր Օլեգ Մկրտչյանը Ռիա Նովոստի գործակալությանը տված հարցազրույցում մեկնաբանել է ռուսական և անգլիական մամուլի հրապարակումները, որոնց համաձայն` Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխման իրավունքների մի մասը պատկանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին։

«Ինձ զարմացնում է մամուլում տարածված տեղեկատվությունը, որ Հենրիխ Մխիթարյանի տեղափոխման իրավունքներն իբրև պատկանում են ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին, այն դեպքում, երբ այդ իրավունքների 50 տոկոսը պատկանում է Դոնեցկի «Շախտյորին», իսկ մնացած 50–ը` ինձ»,– «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնել է Մկրտչյանը։

Ըստ նրա` այդ իրավունքներն ամրագրված են համապատասխան փաստաթղթերով, որոնք կարող են հրապարակվել անհրաժեշտության դեպքում։

«Ոչ մի ԶԼՄ, այդ թվում ռուսական և անգլիական, իրավունք չունի աղավաղել փաստերը, քանի որ դա կարող է որոշակի հետևանքների հանգեցնել»,–ընդգծել է նա։

2010թ.–ի ամռանը Դոնեցկի «Շախտյորը» 7,8 մլն դոլարի դիմաց Դոնեցկի «Մետալուրգից»  ձեռք բերեց Մխիթարյանին։

Անգլիական ԶԼՄ–ների հրապարակումների համաձայն` Մխիթարյանով ակտիվորեն հետաքրքրվում է «Լիվերպուլը», որը պատրաստ է «Շախտյորին» 20 մլն ֆունտ ստերլինգ առաջարկել Հայաստանի հավաքականի առաջնորդի դիմաց։

Ավելի վաղ Ուկրաինայի առաջնությունների արդյունավետության ռեկորդը պատկանում էր միանգամից երկու ֆուտբոլիստի` Սերգեյ Ռեբրովին և Մաքսիմ Շացկուն, ովքեր 1997/1998 և 2002/2003 սեզոններում 22–ական գնդակ են խփել Կիևի  «Դինամոյի» կազմում։