Էն որ ասում է ՝ կտանեմ աղբյուր, ծարավ հետ կբերեմ, իսկը Քոչարյանն է։

Խոսում է ու թվում է՝ ամեն ինչ պարզ է, հետո երբ ետ ենք դառնում, տեսնում ենք, որ ոչ մի բան էլ պարզ չի, աղբյուր ենք գնացել ու ծարավ հետ եկել։

Ռուսական «НТВ» հեռուստաալիքին տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ Սերժ Սարգսյանը չպետք է փորձ աներ պահպանել իր իշխանությունը․

«Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը չպետք է իրականացներ Սահմանադրական փոփոխություններ: Ես այն ժամանակ էլ հրապարակայնորեն քննադատել եմ դա և, իհարկե, նա չպետք է փորձ աներ պահպանել իշխանությունը՝ նստելով վարչապետի աթոռին»։

Տեսա՞ք ոնց քննադատեց Սերժ Սարգսյանին․- մամուլում, քաղաքական դաշտում շրջանառվում է հիմնականում այս մոտեցումը։ Ու սա հիմք ընդունելով, շենք են կառուցում, եզրահանգումներ անում։

Պետք է հարգել սահմանադրությունը և չփորձել իրադրությունից ելնելով հարմարեցնել «քո հագով»։ Տողատակերում դա է՝ հիշեցում նոր կառավարությանը։ Քոչարյանն այդ միտքը ավելի հնչեղ դարձնելու համար օգտագործում է «կուժ քեզ ասեմ, կուլա դու լսիր» ժողովրդական մեթոդը ։

Այսօր առավել քան երբեք Երկրորդ նախագահը Սահմանադրության մարտիկ է ու մինչև վերջ մարտնչելու է Սահմանադրության համար։