Ադրբեջանը Ռուսաստանից ռազմատեխնիկական նշանակության ավելի քան 5 մլրդ դոլարի արտադրանք է գնել: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք քննարկել ենք ռազմատեխնիկական ոլորտում հետագա համագործակցությունը: Այն արդեն մեծ ավանդույթներ ունի: Ռուսաստանում Ադրբեջանի կողմից ձեռք բերված ռազմատեխնիկական արտադրանքը գերազանցում է 5 միլիարդ դոլարը եւ սա աճման միտում ունի», - ասել է Ալիեւը:
Նա պարզաբանել է, որ «Ադրբեջանը շարունակում է արդիականացնել իր Զինված ուժերը, իսկ Ռուսաստանը միջազգային շուկաներում ռազմական արտադրանքի մատակարար եւ կարեւորագույն համաշխարհային արտադրող է»:
Ռուսաստանը առաջատար դիրք է զբաղեցնում այն երկրների շրջանում, որոնցից Ադրբեջանը ռազմական տեխնիկա է գնում: Ադրբեջանը զենք եւ ռազմական տեխնիկա է գնում նաեւ Բելառուսից, Իսրայելից, Պակիստանից, Թուրքիայից, Չեխիայից: