Այսօր ավելի ու ավելի շատ ընկերություններ, հատկապես ՏՏ ոլորտի, ուսանողների շրջանում աշխատակիցներ են փնտրում:

Նրանց կյանքը հեշտացնելու համար, Հայաստանից երիտասարդների խումբը Breedge բջջային հավելված է մշակում, որը կարող է օգնել գտնել ուսանողի, որը ոչ միայն անհրաժեշտ գիտելիքներ ունի, այլեւ կոնկրետ ընկերությանը մի շարք չափանիշներով համապատասխանում է:


Breedge սթարթափի ներկայացուցիչներից Վահան Մելքոնյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է, որ սովորաբար, երբ ընկերությունը նոր աշխատակցի կարիք ունի, ընկերությունների ներկայացուցիչները աշխատանքի կայքերում մի քանի հայտարարություններ են տեղադրում, ինչպես նաեւ այցելում են համալսարաններ այնտեղ աշխատակից գտնելու հույսով: Այս ամենի վրա բավական ժամանակ է ծախսվում եւ միշտ չէ, որ հաջողվում է իսկապես հարմար աշխատակից գտնել, որը երկար ժամանակ կաշխատի ընկերությունում եւ օգտակար կլինի:

«Մենք ընկերություններին գործիք ենք առաջարկում, որը կարող է արագացնել նոր աշխատակցի որոնման գործընթացը եւ այն ավելի արդյունավետ դարձնել», - պատմել է Վահան Մելքոնյանը:

Հավելվածը ուսանողներին 3 չափանիշներով է գնահատում.

• Կան արդյոք նվազագույն գիտելիքներ, հմտություններ, որոնք անհրաժեշտ են կոնկրետ ընկերությունում աշխատելու համար

• Հետաքրքրված է արդյոք ուսանողը կոնկրետ ոլորտի աշխատանքով

• Արդյոք նա որպես անհատ համապատսխանում է կոնկրետ ընկերության «մշակույթին»

Ուսանողներն անվճար գրանցվում են հավելվածում, լրացնում են իրենց տվյալները եւ հատուկ թեստ են անցնում, որն անհրաժեշտ է երրորդ կետի համար. այդ թեստից պարզ է դառնում, թե որքանով է օրինակ ուսանողն ուշադիր մանրամասներին, ինչ արժեքներ եւ առաջնահերթություններ ունի: Հավելվածն այս չափանիշներով ընտրելու է ուսանողներին, որոնք ավելի են համապատասխանում կոնկրետ ընկերության պահանջներին:

Վահան Մելքոնյանը նշել է, որ Breedge-ը լավ կապող օղակ կլինի ուսանողների եւ գործատուների միջեւ: Ուսանողները կկարողանան աշխատանք գտնել եւ մինչեւ ուսման ավարտը ապագայի լուրջ հեռանկարներ ունենալ, գործատուներն էլ կկարողանան լավ կադրեր գտնել՝ տնտեսելով շատ ժամանակ եւ ուժ: