Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հետխաղյա ասուլիսում մեկնաբանել է Ազգերի լիգայի երկրորդ տուրի արտագնա խաղում Մակեդոնիայի թիմից կրած 1:2 հաշվով պարտությունը, փոխանցում է ՀՖՖ կայքը:
Ձեր կարծիքը խաղի մասին:
Նախ ասեմ, որ Մակեդոնիան մեզ ոչնչով չզարմացրեց: Առաջին խաղակեսում գոլ ընդունեցինք, որը տրամաբանական չէր, քանի որ մեր դարպասին ոչ մի վտանգ չկար: Ուղղակի նվեր տվեցինք: Բացի այդ, մենք մտածված գնդակը հանձնել էինք Մակեդոնիային եւ առաջին խաղակեսի համար մշակված մարտավարությունն աշխատում էր: Երկրորդ խաղակեսում մենք փոխեցինք մարտավարությունը, պետք է գոլ խփեինք, բայց չստացվեց: Իսկ արդյունքը որոշվում է գոլերով, պետք է գրավել մրցակցի դարպասը: Մակեդոնիան 2.5 պահ ուներ, որից երկուսն օգտագործեց: Բոլոր դեպքերում, շնորհավորում եմ Մակեդոնիայի հավաքականին:
Արդյո՞ք Ձեզ անհանգստացնում է այն փաստը, որ դժվարությամբ հաղթեցիք Լիխտենշտեյնին եւ այստեղ էլ չկարողացաք հաղթել:
Ես երեկ ասացի, որ Լիխտենշտեյնի հետ խաղում ութ 100 տոկոսանոց պահ ենք ստեղծել: Այս խաղում էլ, ինչպես տեսաք, կրկին չօգտագործեցինք մեր պահերը: Բայց, ես ասել էի, որ հուսով եմ, որ խմբի բոլոր չորս թիմերը միմյանց համար դժվարություններ կստեղծեն: Ամեն ինչ դեռ առջեւում է:
Արդյո՞ք ձեր հավաքականում ֆուտբոլիստներն ավելի շատ անհատապես են գործում, քան թիմային խաղ ցուցադրում եւ այդ պատճառով էլ պարտվում եք:
Ոչ, մեզ մոտ թիմային խաղը լավ մակարդակի վրա է: Առաջին խաղակեսում մենք ոչ մի հնարավորություն չենք տվել Մակեդոնիային: Բայց, դրա հետ մեկտեղ, մենք պետք է օգտագործեինք մեր պահերը:
Մարկոս Պիզելիին եւ Արաս Օզբիլիսին պահեստայինների նստարանին թողնելը ճի՞շտ որոշում էր:
Չեմ կարծում, որ մենք սխալվել ենք թե՛ կազմի, թե՛ մարտավարության առումով: Որոշ պատճառներից ելնելով, իրենց պահել էինք երկրորդ խաղակեսի համար: Ու նորից ասեմ, որ խաղի վրա ազդեց միայն այն, որ մենք չօգտագործեցինք մեր պահերը: