ՀՀ անկախության տոնի (սեպտեմբերի 21) միջոցառումների կիզակետը կլինի Հանրապետության հրապարակը. միջոցառումները կլինեն աննախադեպ իրենց սփռվածությամբ ու ապակենտրոնացմամբ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
Նշենք, որ ասուլիսը կազմակերպվել էր դրսում՝ Հանրապետության հրապարակում:
Նրա խոսքով, Հանրապետության հրապարակ տանող բոլոր փողոցները փակ կլինեն երթեւեկության համար եւ հասանելի կլինեն ՀՀ քաղաքացիների համար:
«Միջոցառումը անցնելու է «Դու անկախ ես» կարգախոսի ներքո: Սա հստակ ուղերձ է հաշվի առնելով նաեւ թավշյա հեղափոխության ունեցած փորձը, երբ յուրաքանչյուր քաղաքացի թիրախավորվում է եւ ուղերձ հղվում յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու: Այս տեսանկյունից այդ կարգախոսը ավելի քան համապատասխանում է օրվա խորհրդին: Սա նաեւ ընդգծելու է պատասխանատվությունը, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է կրի՝ գիտակցելով, որ ինքն անկախ է դրանից բխող բոլոր հետեւանքներով»,- ասաց Աղաջանյանը:
Ներկայացնելով միջոցառման մանրամասները՝ Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ միջոցառումը լինելու է ներառական բոլոր իմաստներով: «Այն բեմերը, որոնք գործելու են դեպի հրապարակ տանող փողոցներում, ներկայացնելու են գրեթե բոլոր ոճերի երաժշտություն եւ ներառելու են մշակութային գրեթե բոլոր շերտերը: Եվ այս տեսանկյունից ես կարծում եմ, որ տարբերություն կլինի նախկինում կազմակերպված միջոցառումներից:
Երեւի, կհիշեք, որ կար հստակ արտիստների մի խումբ, որոնք օգտվում էին ինչ-որ չափով մենաշնորհից՝ ելույթ ունենալու պետության կողմից կազմակերպված միջոցառումներին: Այս անգամ մոտեցումը բոլորովին այլ է, եւ դուք կտեսնեք բոլորովին նոր, երիտասարդ, տաղանդավոր դեմքեր, որոնք անմիջական ֆորմատի մեջ ելույթ կունենան ՀՀ քաղաքացիների համար»,- ասաց նա:
Աղաջանյանը տեղեկացրեց նաեւ, որ սեպտեմբերի 21-ին նախատեսվում է նաեւ ընդունելություն՝ կազմակերպված վարչապետի կողմից: «Երեւի տեղյակ եք՝ նախկինում այդ ընդունելությունները հիմնականում կազմակերպվում էին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այս անգամ այն տեղի կունենա Բաղրամյան 26 հասցեում գտնվող կառավարական շենքում: Այդտեղ եւս ձեզ սպասվում է բավականին հաճելի անակնկալ»,- ընդգծեց Աղաջանյանը: