Ադրբեջանը սադրիչ է որակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Արցախ: Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ նշվել է, թե համանախագահները պետք է արձագանքեն Նիկոլ Փաշինյանի այցին, որի ընթացքում, ըստ Բաքվի, հնչել են հայտարարություններ, որոնք հարվածի տակ են դնում բանակցային գործընթացը:
Նիկոլ Փաշինյանն Արցախ էր այցելել սեպտեմբերի 18-ին, որտեղ եղել էր առաջնագծում, իսկ հետո հայտարարել, որ Արցախի ղեկավարության հետ քննարկել են բանակցային գործընթացի հետ կապված մոտեցումներ, հայտարարել էր, որ պատրաստ են բանակցության, բայց նաեւ պատրաստ են պատերազմի:
Դրանից առաջ Բաքուն մի քանի օր շարունակ գնդակոծել էր Հայաստանի տարածքը, սահմանամերձ դիրքեր եւ գյուղեր: Ի պատասխան Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ հայկական կողմը ադրբեջանական զինուժին լռեցնելու համար ստիպված էր խոցել ադրբեջանցի երեք զինծառայողի: Սեպտեմբերի 19-ին ադրբեջանցիներն էլ խոցել էին հայաստանցի զինծառայողի: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ զինված ուժերը դրան կպատասխանեն համապատասխան գործողություններով: Banak.info պարբերականը հայտնել է, որ հայկական զինուժը ամբողջությամբ ավերել է այն կրակակետը, որտեղից արձակվել է հայ զինվորին սպանած կրակոցը:
Հայաստանում այդ ամենը արժանանում է նախկին իշխանության շրջանակների ուշագրավ դիտարկման: Նախկինում Ադրբեջանի ամենաթույլ հայտարարությունն անգամ կոշտ պատասխանի արժանացնող, իսկ Հայաստանի իշխանությանն այդ հարցերում փոքր քննադատության արժանացնողներին անգամ գրեթե դավաճանի «կարգ» շնորհող շրջանակները ներկայում կամա թե ակամա ձեռնամուխ են եղել Բաքվի գնահատականներն արդարացնելու գործին, Նիկոլ Փաշինյանին եւ Հայաստանի իշխանության ներկայացուցիչներին քննադատելով այսպես ասած անպատասխանատու հայտարարությունների համար:
Իրականում թերեւս պարզ է բոլորին, որ Ադրբեջանի պահվածքը որեւէ կապ չունի հայկական կողմի հայտարարությունների հետ, եւ Ալիեւը իրեն ագրեսիվ ու սանձարձակ էր պահում նաեւ Սերժ Սարգսյանի «պատասխանատու» պահվածքի ժամանակ, դարձյալ հայկական կողմին պատճառելով կորուստներ:
Ավելին, Ալիեւի սանձարձակության բուն պատճառը կամ արմատը հենց Սերժ Սարգսյանի «պատասխանատու» պահվածքն էր, որի հետեւանքով տարիների ընթացքում Բաքուն ավելի ու ավելի մեծ վստահություն ձեռք բերեց առաջնագծում, իսկ դիվանագիտական առումով էլ հայկական կողմին դրեց անընդհատ արդարանալու, համանախագահներից անընդհատ հասցեական հայտարարություն պահանջելու իրավիճակի առաջ:
Եվ որքան «պատասխանատու» հայկական կողմը համանախագահներից ակնկալում էր հասցեականություն, այնքան այդ ակնկալիքները օդում մնալը դառնում էր Ադրբեջանին ուղղված յուրօրինակ խրախուսում: Դա էր Հայաստանի նախորդ իշխանության «պատասխանատու եւ խորիմաստ» քաղաքականությունը, որի տարբեր ծանրության ու բարդության հետեւանքը ստիպված էր լինում վերացնել հայկական զինուժը, ինչպես ապրիլյան քառօրյա պատերազմում:
Ներկայում համանախագահներից «արդարություն» է ակնկալում Բաքուն, իսկ Երեւանում դա փորձում են ներկայացնել իբրեւ Երեւանի սխալի հետեւանք, իբրեւ թե Բաքվին տրվել է այդ ակնկալիքի առիթ կամ փաստարկ:
Իրականում Բաքուն զրկվում է փաստարկներից, ահա թե ինչու է «արձագանք» պահանջում համանախագահներից: Ադրբեջանը հայտարարում էր, թե Հայաստանում 2018-ի ապրիլից հետո ակնկալում է ինտենսիվ բանակցություն: Բաքուն ուներ հույս, որ Սերժ Սարգսյանը «երրորդ ժամկետի» միջազգային լեգիտիմության համար կգնա գործնականում նույն քայլին, ինչին գնաց առաջին ժամկետի լեգիտիմության համար 2008 թվականին, հայ-թուրքական արձանագրությունների տեսքով: Բաքուն ակնկալում էր թերեւս հայ-ադրբեջանական արձանագրությունների «ինտենսիվ գործընթաց»:
Բայց Ադրբեջանի ակնկալիքը չարդարացավ, ինչը չափազանց հստակ է դառնում ներկայում, երբ Ալիեւը բաց կերպով անցել է Նիկոլ Փաշինյանի դեմ դուրս եկած Ռոբերտ Քոչարյանի հեռակա աջակցությանը:
Ադրբեջանի նախագահը լավ է պատկերացնում, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում եւ թե ինչու է տեղի ունեցածը լոյալությամբ ընդունվել թե Արեւմուտքում, թե Ռուսաստանում: Ի տարբերություն հայկական «նորաթուխ» ընդդիմության, Բաքուն իրավիճակը դիտարկում է ավելի լայն եւ այն գնահատում Հայաստանի նոր իշխանության համար ընթացիկ աշխատանքային խնդիրների պրիզմայից դուրս, որովհետեւ Բաքվի խնդիրները տեղի ունեցածում ավելի խորության մեջ են:
Այդ իմաստով, իհարկե, Հայաստանի «նոր ընդդիմությունը» համեմատության մեջ կարող է օգտակար լինել Բաքվին, բայց չի կարող նույն օգտակարությունն ակնկալել Ադրբեջանից:
Այդ ամենը բոլորովին չի նշանակում, որ իրավիճակը զուրկ է ռիսկերից: Այդ ամենը նշանակում է, որ ռիսկերն իրենց խորքային էությամբ դույզն իսկ ավելին չեն, քան մինչ 2018 թվականի ապրիլի 17 կամ ապրիլի 23: Փոխարենը ավելին են Հայաստանի հնարավորությունները, ու այդ հարաբերակցության կամ մեջ ակնհայտ է դառնում համամասնության առումով ռիսկերի տոկոսային կշռի նվազումը: Ահա թե ինչու է Պուտինի եւ Մակրոնի հետ հանդիպումներից հետո եւ Նյու Յորք այցից առաջ Փաշինյանի Արցախ այցը Բաքվի համար դառնում «սադրիչ»: Որովհետեւ Հայաստանն այլեւս պատը չէ, որի հետ Բաքուն «պինգ-պոնգ» էր խաղում մի քանի տարի: Հայաստանը ձեռքը ռակետ է վերցրել եւ Բաքուն չգիտե, թե որ ուղղությամբ կգնա հաջորդ գնդակը:
Նյութի աղբյուրը՝ Lragir.am