«Անկախ դիտորդ» դաշինքը շարունակում է ներկայացնել, թե ինչ խախտումներ է արձանագրել տարբեր ընրատեղամասերում: Ըստ այդմ, ժամը 13:45-ի դրությամբ գրանցվել են մի շարք խախտումներ:

մասնավորապես, Աջափնյակ վարչական շրջանի 6/26 ընտրատեղամասում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձի վկայականը տեսանելի չի եղել, այլ բռնել է ձեռքում: Հանձնաժողովի նախագահի համապատասխան պահանջին վստահված անձը պատասխանել է, որ ինքը «էն տղեն չի, որ բեյջ կրի»: Երբ նույն պահանջով նրան դիմել է դիտորդը, վերջինիս սպառնացել է՝ «ակնոցներդ կջարդեմ»:


Կատարվածի առնչությամբ կազմվել է արձանագրություն, առկա են տեսագրություններ եւ լուսանկարներ: Դիտորդները նաեւ նկատել են, որ նույն անձը պարբերաբար դուրս է գալիս ընտրատեղամասից եւ շրջում տարածքում, տեղամասում ողջունում ընտրողներին եւ զրուցում նրանց հետ:

Արաբկիր վարչական շրջանի 4/1 ընտրատեղամասում անհայտ անձը վաղ առավոտից ուղղորդել է ընտրատեղամասում ընտրողներին, սակայն ոստիկանության ծառայողը նրան հեռացրել է: Ավելի ուշ նույն անձը վերադարձել է՝ ներկայանալով որպես թեկնածու եւ հայտարարելով, որ դա իր տարածքն է: Հանձնաժողովի նախագահը նրան զգուշացրել է, որ նրա ներկայությունը ընտրատեղամասում շատ երկար է տեւում եւ պահանջել է հեռանալ:

Էրեբունի վարչական շրջանի 10/8 ընտրատեղամասում երկու անձ, որոնք ներկայացել են որպես «Իրավաբանների եւ հոգեբանների ասոցիացիայի արագ արձագանքման խումբ», վաղ առավոտյան մուտք են գործել ընտրատեղամաս մի քանի րոպեով, զննել են տարածքը եւ դուրս եկել: Ավելի ուշ կրկին փորձել են մուտք գործել ընտրատեղամաս, բայց հանձնաժողովի նախագահը թույլ չի տվել: Միջադեպն արձանագրվել է գրանցամատյանում, քանի որ նման անունով հավատագրմած որեւէ խումբ չկա:

Նորք Մարաշ վարչական շրջանի 9/2 ընտրատեղամասում «Բարգավաճ Հայասատան» կուսակցության 3 անդամներ ուտելիք են հյուրասիրել հանձնաժողովի անդամերին: Ավելի ուշ անչափահաս երեխա է մուտք գործել ընտրատեղամաս եւ դարձյալ ուտելիք է բերել, նրան ընտրատեղամաս է ուղեկցել հանձնաժողովի ՀՅԴ անդամներից մեկը:

Կենտրոն վարչական շրջանի 9/55 ընտրատեղամաս է մուտք գործել մի տղամարդ եւ հարցրել, թե հանձնաժողովի կազմում ովքեր են ՀՅԴ կուսակցությունից:

Դիտորդը նկատել է, որ հանձնաժողովի ՀՅԴ անդամներից մեկը նրա հետ դուրս է եկել ընտրատեղամասից եւ նրանից գումար ստացել: Դիտորդը կատարվածի մասին տեղյակ է պահել հանձնաժողովի նախագահին, սակայն վերջինս հրաժարվել է դեպքն արձանագրել:

Արաբկիր վարչական շրջանի 4/29 ընտրատեղամասը գտնվում է շքամուտքի առաջին հարկում, իսկ հենց շքամուտքի պատին փակցված է եղել «Լույս» դաշինքի քարոզչական պաստառ: Կատարվածի մասին տեղեկացվել է հանձնաժողովի նախագահը, որից հետո պաստառը հեռացվել է, դեպքն՝ արձանագրվել:

Ընդհանուր առմամբ, դիտարկված 95 տեղամասային կենտրոններից 17-ը լիովին անմատչելի են։ Դիտարկված տեղամասերից 8-ում հանձնաժողովի նիստի ընթացքում քվեասենյակում ոստիկան է եղել։

4 տեղամասում հանձնաժողովի անդամների գործառույթների վիճակահանությունը կատարվել է խախտումներով։

Հանձնաժողովի նիստի ընթացակարգը չի պահպանվել կամ մասամբ է կազմակերպվել 10 ընտրատեղամասում։ Քվեարկության մեկնարկից առաջ տարբեր խնդիրներ եղել են դիտարկված ընտրատեղամասերից 9֊ում: