Հայաստանն ավելի շատ կարեւոր հարցեր ունի, քան արտահերթ ընտրություններն են։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1–ին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով՝ Հայաստանի թիվ մեկ խնդիրն անվտանգությունն է, Արցախի հարցը։

«Երեկ էլ մի բան իմացա, որ Ալիեւը մի հրաշք անձնավորություն է, նորմալ, դրական անձնավորություն. էն Ալիեւը, ով 2016 թ. Ապրիլյան պատերազմն է սկսել, էն Ալիեւը, ով հայ զինվորին գլխատած ստահակին հերոսացրեց, ով հայ սպային գլխատած Ռամիլ Սաֆարովին հերոսի կոչում տվեց»,–ասաց նա։

Նրա խոսքով՝ գերմանական Երրորդ Ռայխի ողջ կազմը շատ կիրթ անձնավորություններ էին, բայց նրանք բռնաբարեցին ու քանդեցին ողջ Եվրոպան։

Շարմազանովը նաեւ հայտարարեց, որ ինքը դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին։

«ՀՀԿ–ն մայիսի 8–ից էս կողմ էլ մեծամասնություն չի, հերիք ա բոշկա գլորեք Հանրապետական կուսակցության վրա։ Մենք փոքրամասնություն ենք, մենք ընդդիմություն ենք եւ ինչպես բոլոր երկրներում ընդդիմության կարծիքը հիմնականում տարբերվում է կառավարության ու վարչապետի կարծիքից»,– նշեց նա՝ հավելելով, որ շատ տրամաբանական կլինի, որ ինքն ու իր քաղաքական թիմը դեմ քվեարկեն Փաշինյանի նախաձեռնություններին, որովհետեւ իրենք չեն կիսում Փաշինյանի կառավարության պատասխանատվությունը։