Հին եգիպտական արձանը մեծ իրարարանցում է առաջ բերել Մեծ Բրիտանիայի Մանչեստրի թանգարանի աշխատողների մոտ: 25 սանտիմետր բարձրություն ունեցող արձանը, որը թվագրվում է Ք.Ա 1800 թվականով, առանց որևէ մեկի միջամտության շուռ է եկել 180 աստիճանով:

Արձանը շարժվել է երեք օրվա ընթացքում: Ընդ որում երեկոները նա հանգիստ կանգնել է, իսկ օրվա ընթացքում դանդաղորեն պտտվել է, մինչ նրա հետ չեն բերել իր նախկին դիրքը: Արձանի տեղաշարժը արձանագրել են թանգարանի տեսախցիկները: Տեսանյութերում, որոնք արագորեն տարածվել են համացանցում, այս ամբողջ ընթացքը ներկայացվել է արագացված տեմպով:

Ինչպես հաղորդում է Manchester Evening News-ը արձանը, որը պատկերում է Նեբ Սենու անվամբ մարդուն, հայտնաբերվել է դամբարանում մումիայի մոտ: Նա հին եգիպտական Աստվածներից մեկին Օսիրիսին զոհաբերություն է մատուցում: Թանգարանում նա արդեն գտնվում է շուրջ 80 տարի և մինչև այժմ ինքնուրույն չի տեղաշարժվել: