ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նախօրեին տված հարցազրույցում փորձեց հերքել իր առնչությունը որեւէ «հակահեղափոխության»: Գագիկ Ծառուկյանի մոտ դա չստացվեց, կամ ավելի շուտ ստացվեց ցույց տալ քաղաքականության հետ որեւէ առնչության բացակայությունը:
Ծառուկյանի նախօրեի հարցազրույցն այլ բան չէր, քան օգնության ակամա կոչ՝ դուրս բերել իրեն այն վիճակից, որում հայտնվել է խոշոր հաշվով նախկին երեք նախագահների ձեռամբ: Հատկանշական էր, որ Ծառուկյանը հայտարարում էր, թե երեք նախագահները իր միջոցով չեն գալիս իշխանության եւ չեն գա: Ծառուկյանը նույնիսկ ինքն իր վրա հայհոյանք էր դնում, որպես հանրությանը տրվող երաշխիք:
Թվում է, թե ինչ կապ ուներ այդտեղ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Բայց խնդիրն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը Ծառուկյանին բերեց քաղաքականություն, Սերժ Սարգսյանը նրան 10 տարի կիրառեց որպես քաղաքական բուֆեր եւ անվտանգության բարձիկ, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ քաղաքագիտական վերլուծությամբ Ծառուկյանին հասցրեց գագաթին, ընդ որում առանց պարանի եւ ապահովագրության, ինչը միայն արագացրեց Ծառուկյանի գահավիժումը:
Գագիկ Ծառուկյանն ըստ էության ոչ թե հավաստիացնում էր հակահեղափոխությանն առնչություն չունենալու մասին, այլ թերեւս հասարակությունից խնդրում էր դուրս բերել իրեն «հակահեղափոխության» թակարդից, կամ այլ կերպ ասած՝ քաղաքականությունից: Բանն այն է, որ Ծառուկյանի համար քաղաքականությունն ինքնին «հակահեղափոխություն» է, եւ քաղաքականության մեջ Ծառուկյանը միշտ լինելու է «հակահեղափոխական», քանի որ միշտ գտնվելու են ամենատարբեր քաղաքական եւ անգամ փորձագիտական սուբյեկտներ, որոնք օգտագործելու են Ծառուկյանի «հարուստ ու կայացած» լինելու հանգամանքը, իսկ հետո նա ստիպված է լինելու հանրության առաջ պատասխան տալ նրանց փոխարեն:
Համենայն դեպս, կա թերեւս երկու հիմնական տարբերակ՝ կամ Ծառուկյանն ազնիվ չէ հանրության հետ եւ փորձում է քողարկել իր միջոցով հասարակության հանդեպ նախկին համակարգի ռեւանշի որեւէ փորձ կամ մտադրություն, կամ նա իսկապես անկեղծ է եւ հասարակությանը ոչ բացահայտ, բայց բավական թափանցիկ փորձում է ասել, որ ինքը կապ չունի:
Իսկ կարո՞ղ էր ԲՀԿ խմբակցության մոտ երկու տասնյակ պատգամավոր քվեարկել հայտնի աղմկոտ օրինագծի դեմ առանց Գագիկ Ծառուկյանի իմացության: Ո՞վ է հավատում դրան: Մյուս կողմից, Ժողովուրդ օրաթերթը ուշագրավ տեղեկություն էր հրապարակել Հայաստան Ծառուկյանի վերադարձից հետո խմբակցության պատգամավորների հետ հավաքի մասին, Առինջի նրա տան բակում: Թերթը գրում է, որ հանդիպմանը չեն հրավիրվել խմբակցության կարեւոր դեմքերը, այդ թվում Նաիրա Զոհրաբյանը, որը Երեւանի Ավագանու արտահերթ ընտրությանը ԲՀԿ քաղաքապետի թեկնածուն էր:
Ինչու՞ չեն հրավիրվել խմբակցության մի շարք առանցքային դեմքեր: Արդյոք դա նշանակում է, որ Ծառուկյանը «դավադրություն» է կասկածում կամ «մեջքից հարված», ինչպես իր խոսքով Սերժ Սարգսյանն էր ասել իրեն թավշյա հեղափոխության օրերին: Արդյոք Գագիկ Ծառուկյանը չի տիրապետում կուսակցությանն ամբողջությամբ: Խոշոր հաշվով դա տարօրինակ չի էլ լինի, քանի որ առաջին անգամ չէր, երբ ԲՀԿ-ում կատարվում են քայլեր, որոնք թողնում են այդպիսի տպավորություն: Հիշարժան է 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունից հետո մանդատների պատմությունը, երբ ԲՀԿ-ում ստեղծվել էր տարօրինակ վիճակ եւ առաջացել էր խառնաշփոթ, թե ի վերջո ով պետք է մանդատը պահի, իսկ ով պետք է վայր դնի:
Միեւնույն ժամանակ, նախկին համակարգի երկու խոշոր ուժերը՝ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն ըստ էության ներիշխանական կորպորացիաներ էին, ըստ այդմ «բաժնետիրական» ընկերություններ՝ մեկը Ռոբերտ Քոչարյանի, մյուսը Սերժ Սարգսյանի ներքո: Խոշոր հաշվով, Սերժ Սարգսյանը ավելի առաջ անցավ իր բաժնետիրական ընկերության կառավարման այսպես ասած ձեւակերպումների եւ ֆորմալացման առումով, ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի: Բայց դրանից իհարկե իրողությունները չփոխվեցին, եւ Սերժ Սարգսյանը 2015 թվականի փետրվարին էլ գրեթե բաց տեքստով էր հայտարարում, որ Ծառուկյանը իր համար խնդիր է, որովհետեւ նա չէ այսպես ասած առաջնորդողը, այլ նրան են առաջնորդում:
Հետո Ծառուկյանը վերադարձավ, Սարգսյանը տվեց հավանություն, քանի որ չեզոքացրել էր Քոչարյանին: Իշխանությունը նրա երաշխիքն էր: Սերժ Սարգսյանի հրաժարականից անմիջապես հետո վերադարձավ Քոչարյանը: Այդ իմաստով խիստ հատկանշական է հոկտեմբերի 2-ին կատարվածը, երբ ՀՀԿ-ն փաստացի սադրեց մի քայլ, որի շնորհիվ Ծառուկյանը եւ ԲՀԿ-ն հերթական անգամ «հեռացվեցին» քաղաքականությունից:
Դրա պատճառն այն էր, որ Ծառուկյանը չօգտագործեց հանրությանը իրեն տրված հնարավորությունը՝ Երեւանի Ավագանու ընտրությանը, որտեղ ԲՀԿ-ն ստացավ 6 տոկոսից փոքր ինչ ավելի ձայն, ինչը հստակ ազդակ էր Ծառուկյանին, որ ժամանակն է սկսել քաղաքականությունից արդեն ինքնակամ, այսպես ասած քաղաքական ճանապարհով հեռանալու գործընթացը, ինչպես Շմայսը հրաժեշտ տվեց զենքին:
Ծառուկյանը չսկսեց հոժարակամ հեռացումը, կարճ ժամանակ անց նա հայտնվեց հարկադիր հեռացման ռեժիմում: Գործնականում Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը հուշում էր, որ նա խորքային առումով բավական լավ զգում է, որ հայտնվել է ծուղակում, եւ խոշոր հաշվով նրա հարցազրույցը հանրությանն ուղղված կոչ էր՝ տալ հոժարակամ հեռանալու եւս մեկ շանս, խորհրդարանի արտահերթ ընտրությանը, դեկտեմբերին: Ծառուկյանն այդ իմաստով սկսեց այդ գործընթացը, անգամ բավական թափանցիկ ակնարկելով հանրությանը, որ պատրաստ է հեռանալ՝ իր հետ նաեւ մաքրելով քաղաքական դաշտը հին համակարգի մի շարք մնացորդներից, ասելով, որ սկսում է արտախորհրդարանական ուժերի հետ կոնսուլտացիայի փուլ՝ արտահերթ ընտրությանը միասին մասնակցելու համար:
Կտա՞ հասարակությունը Ծառուկյանին քաղաքականությունից ազատագրվելու եւ քաղաքականությունն էլ իր միջոցով պարբերաբար հյուսվող մանիպուլյացիաներից ազատելու հնարավորությունը:
Նյութի աղբյուրը՝ Lragir.am