Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում շարունակվում են քաղաքացիների ընդունելությունները: Նախորդ շաբաթ քաղաքապետարանում և վարչական շրջաններում ընդունելության մասնակցած համապատասխանաբար 49 և 130 քաղաքացիների հարցերի զգալի մասին տեղում տրվել են համապատասխան լուծումներ:
Վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում գործող թեժ գծերի հեռախոսահամարներին նախորդ շաբաթվա ընթացքում ստացվել է 218, վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում՝ 110 հեռախոսազանգ: Բարձրացված հարցերի մեծ մասին տրվել է համապատասխան լուծում, մնացածն ընթացքի մեջ է:
Քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում ավարտական քննությունների հետ կապված՝ հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ օրենքով սահմանված կարգով և առանց որևէ խոչընդոտի կազմակերպվել ու ավարտվել են պետական ավարտական և փոխադրական քննությունները: Այժմ ընթացքի մեջ է վկայականների բաշխման գործընթացը:
Սիրիահայ սոցիալապես անապահով ընտանիքներին շարունակաբար ցուցաբերվող աջակցության վերաբերյալ սոցիալական ապահովության վարչության պետը զեկուցել է, որ հունվար-հունիս ամիսների ընթացքում տարատեսակ աջակցություն է ստացել սիրիահայ ավելի քան 850 ընտանիք, որից 352-ը՝ միայն վերջին ամսվա ընթացքում: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել ցուցաբերվող աջակցությունը և մշտական ուշադրության կենտրոնում պահել սիրիահայերի հետ կապված հարցերը:
Վարչական շրջաններում բակային ճամբարների կազմակերպման ուղղությամբ ձեռնարկված աշխատանքների մասով` երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետը զեկուցել է, որ հուլիսի 1-ից օգոստոսի 28-ն ընկած ժամանակահատվածում Երևանում գործելու է ավելի քան 100 բակային ճամբար` հագեցած մարզամշակութային և ճանաչողական միջոցառումներով: