ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
Հաշվի առնելով վերջին շրջանում հանրության և զանգվածային լրատվամիջոցների հետաքրքրությունը և հասարակական քննարկումներն այլ պարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից վարչապետին տրամադրվող ինքնաթիռի և ուղաթիռի օգտագործման շուրջ, նպատակահարմար ենք համարում ապահովել թափանցիկություն ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվող այս ծախսերի նկատմամբ:
Այս կապակցությամբ, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ և 67-րդ հոդվածներով, նախաձեռնել եմ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի շրջանառությունը:
Օրենքի նախագծով առաջարկում եմ, որ ՀՀ վարչապետին տրամադրված ինքնաթիռից և ուղաթիռից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց օգտվելու կարգը սահմանի ՀՀ կառավարությունը:
Նաև առաջարկում եմ, որպեսզի այդ փոխադրամիջոցներից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից օգտվելու մասին տեղեկությունները հրապարակվեն օգտվելու փաստից ոչ ուշ քան 5 աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնական ինտերնետային կայքում:
Հրապարակումները պետք է պարունակեն տեղեկություններ օգտագործման նպատակի, օգտագործող անձանց ցանկի և պետական բյուջեից հատկացված գումարի չափի մասին: