ՀՀ կառավարությունը շարունակում է զորամասերն ինժեներական տեխնիկայով, մասնավորապես, էքսկավատորներով ապահովելու աշխատանքները:

ՀՀ կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 10-ի իր նիստում ընդունել է «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու եւ գնման գործընթաց կազմակերպելու մասին որոշում:


Ըստ հիմնավորման, ԶՈՒ համալրվածությունը ինժեներական տեխնիկայով` էքսկավատորներով չի բավարարում լիարժեք կատարել ԶՈՒ մարտական հերթապահության ապահովման համար ռազմական ճանապարհների, շարժի եւ առբերման ուղիների նախապատրաստման, սարքավորման եւ սպասարկման, ինչպես նաեւ հակառակորդի դիտարկումից ու գնդակոծումից անվտանգության ապահովման համար փոս-ճանապարհների, պաշտպանիչ հողաթմբերի կառուցման պլանային եւ հանկարծակի ծագած խնդիրները:

«Բացի այդ ՀՀ ԶՈՒ-ում ներկայումս չկան բավարար քանակով էքսկավատորներ, որոնք համալրված են հիդրոմուրճով եւ փխրեցուցիչով: Նշված սարքավորումները կարծր բնահողերում եւ ժայռային հողերում կատարվող աշխատանքների ժամանակ խիստ անհրաժեշտ են, իսկ դրանց բացակայության դեպքում փխրեցման աշխատանքները ստիպված են լինում կատարել մեծաքանակ պայթուցիկ նյութերի օգտագործմամբ, որը ֆինանսապես ոչ շահավետ է եւ շատ ժամանակատար»,- նշված է հիմնավորման մեջ:

Ակնկալվում է, որ փոփոխության արդյունքում հնարավորություն կլինի եւս 13 զորամաս համալրել ինժեներական հողափոր տեխնիկայով, հիդրոմուրճով եւ փխրեցուցիչով:

Հաշվի առնելով ժամանակի սղությունը, ինչպես նաեւ գնման ընթացակարգը դյուրինացնելու նպատակով նախատեսվում է էքսկավատորները ձեռք բերել հրատապ բաց մրցույթ (ՀԲՄ) ընթացակարգով՝ 4-րդ եռամսյակում: