Զրույց քո հոգո՛ւ հետ, Արայիկ սիրելի
Հեռացողներն այստեղ իրենց մարմինն են թողնում, բայց նրանց հոգիները մեր միջավայում են 40 օր շարունակ ու հետո Երկնքից են նայում ու խոսում մեզ հետ: Եղիշե Չարենցո՛վ գիտեմ դա.
,,Հոգի չի՛ մեռնում՝
Մարմինը թողած երկնային փոսում,
Սավառնում է նա
Տիեզերական լաբիրինթոսում՛՛:
Ու հիմա, որ գալու եմ քո հրաժեշտին, ես զրուցում եմ քո հոգո՛ւ հետ:
-Ներիր, Արայիկ:
Ներիր ինձ, որպես քո ժողովրդի, քեզ սիրող, քեզնով հպարտ ժողովրդի մի մասնիկը, որ քեզ հետ խոսում է այդ մասնիկը լինողի՛ իրավունքով: Քեզ ճանապարհում ենք Աստծո մոտ, ճանապարհում ենք կսկիծով, որ ֆիդայու հպարտությունդ, ազգին նվիրյալ պահվածքդ ու քո թափած ճանքերը չգնահատեցին նրանք, որոնք քո պայքարի ու հաղթանակի փառքն իրենց վերցրին ու մեզ թողեցին քո մահվան կսկիծը: Ես քո ճակատագրով ավելի ատեցի դրանց, որ Վարդանանց փողոցում իրենց նման ազգադավների հանեցին քո և քո զինակիցների դեմ: Թուրքին բնորոշ դավադրությամբ իրենց շարքերից պիտի սպանություն սարքեին ու ձե՛զ վրա բարդեին: Իսկ դուք… մեկ առ մեկ բաց թողեցիք նրանց, ովքեր պատանդ էին կոչվում, բայց դուք նրանց հետ կիսում էիք ձեր սպառվող հացը: Եվ երբ այն հրաշալի տղան, ով հետո ՀԱՑ ԲԵՐՈՂ անվամբ մեր սրբությունը դարձավ, քո ճակատագրով չարչարանաց չորեքշաբթին ունեցավ: ժողովուրդը մղկտաց, բայց դրանց հոնքն էլ չշարժվեց: Դո՛ւ, որ ազերիների դեմ առյուծ էիր, հանկարծ դրանց ձեռքով քո՛ չարչարանաց չորեքշաբթին ունեցար քո հայրենիքի բանտում – նզո՛վք այդ չորեքշաբթին քեզ բաժին հանողներին:
Հիշո՞ւմ ես, Արայիկ, Վարդանանց փողոցում ոստիկանների հոծ շղթան մի պահ բացվեց, ու այնտեղից երիտասարդներ սկսեցին դուրս գալ (,,Ազատություն՛՛ ռադիոկայանը ֆիքսել է այդ կադրերը) ու տարածվել ձեզ աջակցելու եկած ժողովրդի մեջ – ովքե՞ր էին դրանք, որոնք հատուկ հրահանգ ունեին դրանց կողմից, և հետևանքը Սարի թաղի ջարդն էր: Ո՞վ պիտի պատասխան տա այդ դավադրության համար, կամ երբևէ պատասխան տվող լինելո՞ւ է:
Ես մեղավոր եմ քո առաջ, Արայիկ, արցախյան պատերազմի իմ հերոս, քո ժողովրդի ազատության համար այդ ծայրահեղ քայլին գնացած իմ նահատակ – դո՛ւ և քո ընկերներն ի՞նչ իմանայիք, թե 20 տարվա ճահճի մեջ տառապող քո ժողովրդի մեջ թե հանկարծ հառնում էին քո, իմ, բոլորիս դատը պաշտպանելուն ձգտողներ, պիտի կա՛մ բանտերում հայտնվեին, կամ էլ այնպե՛ս փչանային, որ նամուսի գերի մնային ու նզովք ստանային ժողովրդի կողմից:
Ներիր ինձ՝ քո ժողովրդի մի մասնիկը համարվողիս, որ գուրգուրանքի կարոտ թողեցի քեզ, ու հիմա պատասխան չունեմ քո մարմնին խոնարհված վշտակիր մայրիկիդ հարցերին…
Ներիր և Երկնի հեռուներից փորձիր մխիթարություն գտնել այն բանում, որ քո ժողովուրդն արդեն շունչ է քաշում՝ դուրս գալով 20 տարվա ճահճից:
Ֆեյսբուք՝ Հովհաննես Պապիկյան