Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը EVN Report-ին տված հարցազրույցում ասել է, որ արցախյան խնդրի կարգավորումն առանց «որոշ գրավյալ տարածքների վերադարձի» հնարավոր չէ:

«Ես զարմացած էի, երբ առաջին անգամ այստեղ եմ եկել եւ պարզել, որ ինձ հանդիպած հայերի մեծամասնությունը կտրականապես դեմ է եղել օկուպացված տարածքների վերադարձին` որպես բանակցային գործընթացի մի մաս: Ինձ զարմացնում է այն փաստը, որ Հայաստանում գրեթե քննարկում չկա ընդունելի լուծման կամ հնարավոր փոխզիջումների մասին: Իմ կառավարության երկար տարիների ընկալումն այն էր, որ այդ տարածքներն ի սկզբանե վերցվել էին հետագայում` «Հող՝ խաղաղության դիմաց» բանաձեւում օգտագործվելու համար: Իսկապես շատ զարմացած էի հայտնաբերել, որ այդ տարբերակն այլեւս որեւէ աջակցություն չունի»,- ասել է Ռիչարդ Միլսը:

Նա նշել է, որ հասկանում է, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմն էլ ավելի է սրել հայերի ընկալումները: «Սակայն դաժան իրականությունն այն է, որ ցանկացած կարգավորում պահանջելու է գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձ»,- ասել է ԱՄՆ դեսպանը:

ԱՄՆ դեսպանն ավարտել է լիազորությունները եւ արդեն հասցրել է հրաժեշտ տալ Հայաստանի նոր ղեկավարությանը: Ղարաբաղյան հակամարտության մասին նրա հայտարարությունները խոսում են ղարաբաղյան կարգավորման հարցում ԱՄՆ մոտեցումների փոփոխության մասին, որն ավելի է մոտենում Դոնալդ Թրամփի հռչակած «իրողությունների ճանաչման» սկզբունքին:

Ամերիկացի դեսպանը, փաստացի, հայտարարում է «տարածք խաղաղության դիմաց» բանաձեւի ակտուալության կորստի մասին: Նա ասում է, որ իր կառավարությանը ճիշտ չեն տեղեկացրել, այդ բանաձեւը Հայաստանի հանրությունում անգամ չի քննարկվել: Ըստ ամենայնի, դեսպանը նկատի ունի Հայաստանի նախորդ իշխանություններին, որը բանակցում էր այդ բանաձեւով՝ չունենալով աջակցություն հասարակությունում:

Բայց հիմա Հայաստանում նոր իշխանություն է, ինչպես ԱՄՆ-ում: Հիմա ԱՄՆ-ում գիտեն, թե ինչ է մտածում Հայաստանի ժողովուրդը: Չնայած դեսպանն ասում է, որ «տարածքների որոշ մասի վերադարձը» անխուսափելի է, եթե կարգավորում ենք ցանկանում, իրականում նա արձանագրում է հայ հանրության մոտեցումը եւ դիրքերից չնահանջելու նրա մտադրությունը:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am