2013թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը հաղթանակով մեկնարկեց Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում:
70 կգ քաշային Սաֆարյանը պայքարը սկսեց որակավորման փուլից, որտեղ 4:1 հաշվով հաղթեց հունգարացի Նորբերտ Լուկաշին: Հայ ըմբիշի հաջորդ մրցակիցը կլինի Իսրայելի ներկայացուցիչ Էրմաչ Հասանովը:
Հոկտեմբերի 22-ին Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ կմտնի նաեւ Գեորգի Կետոեւը (97 կգ), որը կմեկնարկի որակավորման փուլից՝ մրցելով ղազախ Մամեդ Իբրագիմովի հետ:
Նախօրեին պայքարի մեջ մտած ու մեկնարկային փուլում պարտություն կրած Միհրան Ջաբուրյանը (57 կգ) հնարավորություն է ստացել պայքարել բրոնզե մեդալի համար: Ջաբուրյանին 10:0 հաշվով հաղթած ռուսաստանցի Զավուր Ուգուեւը դուրս է եկել եզրափակիչ: Առաջին սփոփիչ գոտեմարտում հայ ըմբիշը կհանդիպի կուբացի Անդրեու Օրտեգայի հետ:
Հիշեցնենք, որ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում հանդես էին եկել նաեւ Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանը (74 կգ) եւ Գրիգոր Գրիգորյանը (79 կգ), որոնք մեդալ չէին նվաճել: Գրիգորյանը 2 հաղթանակներից հետո պարտություն էր կրել քառորդ եզրափակիչում: