«Նոր Հայաստան» բրենդը մեզ առաջին օրերից հրամցվում է որպես մի իսկական ուտոպիա, որտեղ համատարած սեր, հանդուրժողականություն և արդարություն է։ Սակայն առաջին իսկ օրերից այս ուտոպիստական պատկերի ակնհայտ աղճատվածությունն աչք է ծակում ամենատարբեր ոլորտներում, բայց նոր ուտոպիստական իշխանությունները դրա արդարացումներն էլ ունեն։ Իրականում արդարության և տրամաբանության ամենաաղաղակող բռնաբարությունն այն համատարած, ամենակոլ ու անամոթ խնամի-ծանոթ-բարեկամ (ԽԾԲ) ձևաչափն է, որը նոր իշխանությունները որդեգրել են կադրային քաղաքականություն վարելիս։ Բոլոր հնչող տարակուսանքներին ու քննադատություններին մեզ պատասխանում էին, որ ԽԾԲ սկզբունքով պաշտոններ բաժանելը ժամանակավոր բնույթ է կրում, քանի որ հեղափոխություն է և ընտրություններ չեն եղել։ Այ, հենց ընտրություններ լինեն, արդեն ԽԾԲ-ն կզիջի տեղը հօգուտ արհեստավարժ ու կոմպետենտ պրոֆեսիոնալների ներգրավման քաղաքականությամբ։
Ու ի՞նչ ենք տեսնում մենք գործնականում։ Քննարկենք Երևանի օրինակը․ ավագանու ընտրությունները եղան, և իշխանական թիմը շռնդալից հաղթանակ տարավ։ Սա էլ հո հեղափոխական դիրքավորում չէ՞։ Չէ՞ որ ունենք ինստիտուցիոնալ ժողովրդավարական մեխանիզմներով ձևավորված թիմ, որը պետք է զբաղվի ադմինիստրատիվ սուբյեկտի՝ Երևան քաղաքի կառավարմամբ։ Հենց իշխանությունների առաջարկած բանաձևով իսկ բացարձակ նպաստավոր պայմաններ են, որպեսզի ԽԾԲ-ի փոխարեն արհեստավարժ պրոֆեսիոնալների ներգրավեն, բայց ի՞նչ է անում Կարգին Հայկոն։ Եթե լակոնիկ ներկայացնենք՝ էժան շոուներ և էլ ավելի անտրամաբանական ԽԾԲ։ Տեսե՛ք, կարո՞ղ է որևէ մեկը բացատրել, թե ադմինիստրատիվ կառավարման ո՞ր սկզբունքով են փոխքաղաքապետ նշանակում մունիցիպալ կառավարման հետ որևէ կապ չունեցող մարդկանց, ինչպես, օրինակ, «Կարգին ստուդիայի» տնօրենն է, որին փոխքաղաքապետի պաշտոն շռայլվեց։ Կամ ավելի աղաղակող օրինակ․ ի սեր Աստծո, բացատրեք թերահավատներիս, թե ի՞նչ անելիք ունի ԳՅՈՒՄՐԵՑԻ ռեժիսոր Տիգրան Վիրաբյանը Երևանի քաղաքապետարանի թոփ մենեջմեթի կազմում։ Ախր այս տղան, վստահ ենք, որ անգամ Երևանի փողոցները նորմալ չգիտի, իսկ ադմինիստրատիվ կառավարման փորձը սկսվում և ավարտվում է նույն Հայկոյի կինոները Գյումրիում ցուցադրելով, ինչպես նաև թատերական բեմականացումների ռեժիսուրայով։ Ի՞նչ է, ասելու եք, որ միլիոնանոց քաղաքում ոչ մի արհեստավարժ ու կոմպետենտ երևանցի չկա՞ր, որ Գյումրու թատրոնի ռեժիսորին ենք մեյդան բերում։
Մի խոսքով՝ էլի կոտրած տաշտակի դեմն ենք հայտնվում, երբ ամենաքաղցր խոստումներն են տրվում, իսկ գործնականում՝ նախկինի արատների ռեբրենդինգ են անում, որն արտահայտվում է նրանով, որ ՀՀԿ-ի ԽԾԲ-ն փոխարինվում է էլ ավելի սոսկալի մասշտաբների ՔՊ-ական ԽԾԲ-ով։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=979535448900404&id=100005318738274